Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Բուրսա Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումը Աբդուլահ Գյուլի հետ միասին դիտելու նպատակով:
Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ավելի վաղ, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ովքե՞ ր են լինելու պատվիրակության կազմում եւ ինչպիսի՞ ն է լինելու նախագահի այցի ծրագիրը, պատասխանել է. «Նախագահ Սարգսյանի հետ Թուրքիա կմեկնեն նաեւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, Նախագահի աշխատակազմի եւ Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ»:
Ի դեպ, Ֆարմանյանը նաեւ հայտնել է, որ Բուրսայում Սերժ Սարգսյանը նախ կայցելի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ քաջալերելու նրանց հանդիպումից առաջ: Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի նախագահի հետ: Կլինի նաեւ հանդիպում ընդլայնված կազմով: «Բուրսայում Թուրքիայի նախագահի անունից նախագահ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ եւ կկազմակերպվի ընդունելություն: Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երեւան»,- նշել է Սամվել Ֆարմանյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի այցը Բուրսա Հայաստանի նախագահի չորրորդ այցն է Թուրքիա: Երկու անգամ Թուրքիա է այցելել Լեւոն Տեր-Պետրոսյանը` 1992 թ. հունիսին` ՍԾՀԿ հիմնադիր գագաթնաժողովին մասնակցելու նպատակով եւ 1993 թ. ապրիլին` Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալի հուղարկավորությանը մասնակցելու համար: Երրորդ անգամ Թուրքիա այցելել է Ռոբերտ Քոչարյանը 1999 թ. նոյեմբերին` Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:




























