Հայաստանում ծեծի է ենթարկվել հերթական բժիշկը, այս անգամ` «Արմենիա» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյանը: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` հունիսի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում: Բժիշկ Հարությունյանը տուն գնալիս է եղել, երբ հիվանդանոցի բակում նրան է մոտեցել 41-ամյա մի տղամարդ` Արթուր Գասպարյանը եւ քարով ու բռունցքներով հարվածել բժշկի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին:

Պատճառն, ըստ NEWS.am-ի տղեկությունների, եղել է Արթուր Գասպարյանի դժգոհությունը բժշկից, ով, ըստ նրա, լավ չի բուժել իրեն եւ բուժման դիմաց միաժամանակ փող է պահանջել հիվանդի եղբորից ու հորից: Արթուր Գասպարյանը աշխատում է որպես վարորդ եւ առողջության վերականգնման ձգձգումը նրան հունից հանել է` ստիպելով դիմել ծայրահեղ քայլի` ծեծել բժշկին: Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի հեղինակը եղել է ոչ սթափ վիճակում: 

NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ Հրայր Հարությունյանի հետ` միջադեպի հետ կապված մանրամասներ ճշտելու, սակայն դա չհաջողվեց:  Բաժանմունքից հայտնեցին, որ նա տեղում չէ, ակնարկելով, որ բժիշկը չի ցանկանում խոսել այդ թեմայով եւ բաժանմունքի աշխատակիցներին հրահանգել է` «բերանները փակ պահել» այդ առթիվ: Այնուամենայնիվ, հաջողվեց պարզել, որ բժիշկ Հարությունյանը ստացել է լուրջ վնասվածքներ`գլխուղեղի ցնցում եւ գլխի գագաթային շրջանի սալջարդ եւ այժմ ապաքինվում է: Ի դեպ, հիշյալ հիվանդանոցի սեփականատերը Գարիկ Գրիգորյանն է, ով, ըստ լուրերի, լավ հարաբերություններ ունի ՀՀ առողջապահության նախարարի հետ:      

Տեղեկությունն այս մասին հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից` ներկայացնելով միջադեպի հետ կապված որոշ մանրամասներ: Ըստ այդմ`հիշյալ հիվանդանոցից  ոստիկանության Մաշտոցի բաժին  հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով եւ գլխի գագաթային շրջանի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Հրայր Հարությունյանը: Նա, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նույն օրը, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 41-ամյա Արթուր Գասպարյանին: Նա  ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ բռունցքով եւ քարով հարվածել է Հրայր Հ.-ին եւ պատճառել նշված վնասվածքը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արթուր Գասպարյանը  ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

 Նշենք, որ մի քանի օր առաջ բժշկին ծեծելու դեպք էր արձանագրվել նաեւ Գյումրիում: Հունիսի 26-ի երեկոյան շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանել էր «հիվանդատեր» 28-ամյա Արտակ Կարապետյանը: Արտակի հայրը վատ է զգացել, որի համար շտապ բուժօգնություն են կանչել: Շտապօգնության բրիգադը մի քանի րոպե ուշացել է, ինչն էլ զայրացրել է ոչ սթափ վիճակում գտնվող Արտակին: Վերջինս սկզբում տանը ծեծի է ենթարկել բժշկին, պատճառաբանելով, թե ինչու ես ուշացել: Իսկ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել հիվանդին` նրան դեղ ներարկելով եւ իջել բակ, Արտակն այս անգամ բակում է ծեծի ենթարկել բժշկին: Բժիշկը հենց մուտքի մոտ էլ մահացել է: Ծեծին ներկա են եղել բուժքույր Լամարա Հարությունյանը եւ շտապօգնության վարորդը: