Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմեդ Դավութօղլուի կողմից հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական պատմական արձանագրությունները մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանի առեւտրական կյանքի վրա,- թուրքական «Հյուրիեթ» թերթում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Արամ Եքին Դյուրանը։

Երբ բացվի Հայաստանի ու Թուրքիայի սահմանը, իսկ դա թերթի կանխատեսման համաձայն, տեղի կունենա 2010 թվականի սկզբին, երկկողմ հարաբերությունների կարգավորման համար նախատեսված արձանագրությունները ճանապարհ կհարթեն նաեւ արդյունաբերական՝ ներառյալ տեքստիլ եւ սննդարդունաբերության, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտները, համագործակցության համար։ Սահմանների փակ եղած ժամանակ Վրաստանը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ շրջանցիկ միակ միջանցքն էր։ Այդ պայմաններում, գրում է թերթը, երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում էր 150 մլն. դոլար, իսկ սահմանի բացվելուց հետո, սպասվում է, որ այդ ցուցանիշը կհասնի 500 մլն. դոլարի։ Այնուհետեւ «Հյուրիեթը» մեջ է բերում տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքական հանձնաժողովի թուրք համանախագահ Քահան Սոյաքի բառերը, որի կարծիքով, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացումից եւ երկաթուղային հաղորդակցության վերսկսումից հետո բոլոր ապրանքները միջերկրածովյան ու միջինասիական երկրներից Հայաստան կհասցվեն Թուրքիայով, իսկ դա երկրի բյուջեն կհամալրի լրացուցիչ 150 մլն. դոլարով։ Բացի այդ, սահմանների բացումը կնպաստի թուրքական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը, որը Ռուսաստան արտադրանքի տեղափոխման հետ կապված խնդիրներ ունի։ «Մաքսային ազատ գոտու վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրի շնորհիվ Թուրքիան կարող է առանց մաքսատուրքի տեքստիլ իր արտադրանքը տողափոխել Ռուսաստան, եթե թուրքական տեքստիլ արդյունաբերության 5%-ը արտադրվի Հայաստանում, իսկ դա էլ կնպաստի Արեւելյան Անատոլիայի զարգացմանը»,- հայտարարել է Սոյաքը։ Բացի այդ, սահմանների ապաշրջափակումը կնպաստի հայ զբոսաշրջիկների հոսքին իրենց պատմական հայրենիք։ Իսկ դա նույնպես լրացուցիչ միջոցներով կհամալրի թուրքական գանձարանը։

Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, թե սահմանները կբացվեն մինչեւ Նոր տարի, կարելի է համարել տնտեսական տարածաշրջանային համագործակցության նոր դարաշրջանի խորհրդանշական սկիզբ։ Հոդվածագիրը հայտնել է նաեւ, որ օրերս Թուրքիա է ժամանել հայ գործարարների պատվիրակությունը՝ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հայ եւ թուրք գործարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները։