«Նաիրիտի» ակտիվները 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ գնահատվում են 84.5 մլրդ դրամ կամ մոտ 230 մլն դոլար: Այդ մասին նշված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հունիսի 30-ին հրապարակված տարեկան հաշվետվության մեջ:
Ըստ այդմ` վերջին 2 տարում «Նաիրիտի» ակտիվները նվազել են 5.5 մլրդ դրամով (մոտ 15 մլն դոլար):
Նշենք, որ «Նաիրիտի» հիմնական միջոցները ներկա պահին գնահատված են 72.3 մլրդ դրամ (մոտ 195 մլն դոլար):
«Նաիրիտի» բաժնետիրական կապիտալը 27.3 մլրդ դրամ է (մոտ 73 մլն դոլար): Բաժնետիրական կապիտալի մեծությունը վերջին 2 տարիների ընթացքում միայն աննշան փոփոխություններ է կրել: Ընկերությունը նաեւ 22.5 մլրդ դրամի (մոտ 60 մլն դոլար) կուտակված վնաս ունի: Պարտքը գոյացել է բացառապես 2010 թ. գործունեության արդյունքում: Համեմատության համար նշենք, որ 2008 թ. ընկերությունը գրեթե այդ վնասի չափով շահույթ է ունեցել:
«Նաիրիտն» ունի 40 մլրդ դրամի (108 մլն դոլար) վարկային պարտավորություն: Հետաքրքիր է, որ 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ այդ պարտավորությունը բացակայում էր, թեեւ հայտնի է, որ ԱՊՀ միջպետական բանկից վարկը վերցվել է 2006 թ.: վարկային պարտավորությունը «Նաիրիտի» հաշվետվությունում արտացոլված է սկսած 2009 թվականից:




























