2011թ-ի առաջին կիսամյակում Շիրակի մարզում թրաֆիքինգի 4 դեպք է բացահայտվել, 4-ն էլ եղել են սեռական բնույթի: Հատկանշական է, որ տարվա ընթացքում բացահայտված զոհերի թվի կտրուկ անկում է գրանցվել, ինչպես նաեւ չեն եղել հարկադիր աշխատանքի հետ կապված դեպքերի քննություններ: Սա մտահոգում է մասնագետներին, ովքեր կարծում են, որ դա ամենեւին էլ չի նշանակում, որ պակասել է թրաֆիկինգի դեպքերի թիվը, ուղղակի շատերը չեն փորձում պաշտպանել սեփական իրավունքները, նախընտրում են լռել, որպեսզի հասարակության մեջ առանձնակի խնդիրներ չունենան:

Ըստ փաստաբանների, հիմա իրազեկվածության աստիճանն այնքան ցածր չէ, որ հեշտությամբ խաբեն մարդկանց՝ ելնելով նրանց սոցիալական վիճակից  ու գայթակղիչ առաջարկներ անելով դուրս տանեն երկրից:

«2011թ. մարտին ուժի մեջ մտան քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առավել ուժեղացվել  են օրենքում առկա հակաթրաֆիքինգային դրույթները: Ըստ այդմ, խստացվել են թրաֆիքյորների նկատմամբ կիրառվող պատժաչափերը: Սակայն օրենքը մեկ այլ տեսանկյունից եւս հստակեցման կարիք ունի: Օրինակ որքանով է ճիշտ, որ մարմնավաճառին հայտնաբերելու դեպքում ամեն անգամ տուգանքը կազմի մի քանի հազար դրամ»,-օրենսդրությունից իր դժգոհությունն է հայտնել Ոստիկանության Գյումրիի բաժանմունքի ավագ օպերլիազոր Արթուր Գրիգորյանը:

Թրաֆիկինգի կանխարգելման աշխատանքներ  2003 թվականից սկսած իրականացնում է «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը: «Թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի ուսուցանող Լիլիա Համբարձումյանի խոսքով, իրենք  աշխատանքներ տանում են հատկապես հանրակրթական դպրոցներում, քանի որ խոցելի խումբ են համարվում նաեւ անչափահասները:

Նշենք որ Հայաստանի օրենսդրության համաձայն, թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից` ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով գործած զանցանքների համար: Կառավարությունը նաեւ թույլատրել է զոհերին մնալ երկրում ժամանակավոր կացության թույլտվությամբ եւ ժամանակավորապես աշխատել: