«Դոմոդեդովոյի» սեփականատեր Դմիտրի Կամենշչիկին հարցաքննության են ենթարկել` օդանավակայանի գրասենյակներում հունիսի 30-ին անցկացված խուզարկություններից հետո:
Նրա ցուցմունքները հետաքննության համար անհրաժեշտ են` «Դոմոդեդովոյի» բաժնետոմսերի «տնօրինման հարցերում պատկերացում կազմելու» համար: Աղբյուրը հարցաքննության այլ մանրամասներ չի հայտնել, գրում է Lenta.ru-ն:
Օդանավակայանի կառավարող ընկերություններում փաստաթղթղերը վերցվել են հուլիսի 30-ին: Հաղորդվել է, որ դրանք կապված են օդանավակայանում տրանսպորտային անվտանգության հնարավոր չպահպանման քրեական գործի հետ, որը հարուցվել է հունվարին «Դոմոդեդովոյում» ահաբեկչական ակտից հետո: Արդյունքում զոհվել էր 37 մարդ:
Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրել էր ուժեղացնել տրանսպորտային համակարգի անվտանգության նկատմամբ վերահսկողությունը: Նա նաեւ Գլխավոր դատախազությունից եւ Հաշվիչ պալատից պահանջել էր պարզել օդանավակայանի վերջնական սեփականատիրոջը, սակայն գերտեսչությունների ստուգումների արդյունքում պարզվել էր, որ օդանավակայանը մինչեւ մայիսի սկիզբը պատկանել է օֆշորային գոտում գրանցված կիպրական «Ասենդա ինվեսթմենս լիմիթեդ» ընկերությանը:
Մայիսի կեսերին «Դոմոդեդովո» DME Limited ընկերությունը հայտարարել էր, որ սեփականատերը Դմիտրի Կամենշչիկն է: Տվյալներ չկան սակայն, թե ինչ կապ ունեն «Դոմոդեդովո» DME Limited-ն ու «Ասենդա ինվեսթմենս լիմիթեդը»:




























