Լիբիայի կառավարության եւ Անցումային կառավարության ներկայացուցիչների միջեւ  ուղղակի եւ անուղղակի բանակցություններ են ընթանում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Լիբիայի առաջնորդի դուստրը՝ Աիշա Կադաֆին։ «Լիբիայի իշխանությունները պատրաստ են միավորվել ապստամբների հետ՝ արյունահեղությունը դադարեցնելու նպատակով»,-հայտնել է Կադաֆիի դուստրը` նշելով, որ Լիբիայի առաջնորդը չի պատրաստվում լքել երկիրը, քանի որ նա  լիբիացիների առաջնորդն է ու նրանց խորհրդանիշը:

«Ո՞ւր կարող է նա հեռանալ»,-նկատել է Աիշա Կադաֆին: Մասնագիտությամբ փաստաբան Աիլա Կադաֆին սուր քննադատության է ենթարկել միջազգային կոալիցիայի ռազմական միջամտությունը երկրի գործերին: Նա կոչով դիմել է Լիբիան ռմբահարող օդաչուների կանանց եւ մայրերին` ասելով. «Իմ երեխաներից մեկն արդեն զոհվել է: Ձեր ամուսինները Լիբիայում գործում են բնավ ոչ քաղաքացիական հասարակության պաշտպանության օգտին: Նրանք սպանում են իմ ժողովրդին ու իմ երեխաներին: Եւ այս ամենն այն բանի համար, որպեսզի Սարկոզին կարողանա իրեն մխիթարել, թե որքան շատ լիբիացի սպանի, այնքան շատ քվե կապահովի իր օգտին Ֆրասիայում տեղի ունենալիք  նախագահական ընտրությունների ժամանակ»:

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Միջազգային քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ Իսլամի եւ երկրի հետախուզության պետ Աբդուլլա ալ Սանուսիի ձերբակալության հրահանգ է տվել: Դատարանը նրանց մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ։