Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վենեսուելացիներին ուղղված իր հեռուստաուղերձում պատմել է, որ ինքը քաղցկեղ է ունեցել, եւ որ կոնքի հատվածում թարախակույտի հեռացման հետ կապված վիրահատությունից բացի, եւս մեկ վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ հեռացվել է այդ ուռուցքը։
Վենեսուելայի ղեկավարի բուժումը Կուբայում զանազան ասեկոսեների ու ենթադրությունների տեղիք է տվել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում:
Այսպես, նախորդ շաբաթ, El Nuevo Herald պարբերականը հայտնել էր, թե Չավեսը գտնվում է «ծայրահեղ վիճակում»:
Բացի այդ, պարբերականը գրել է, թե իր աղբյուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տարբերակը, թե Չավեսը հոսպիտալացվել է չարորակ ուռուցքի հետեւանքով: Իր հերթին ամերիկյան Fox News հեռուստաալիքը տեղեկություններ էր հայտնել, համաձայն որոնց` ներկոնքային թարախակույտի վիրահատութունը կարող է ի հայտ բերել մի շարք վարակների տարածման: Քաղցկեղի մասին, սակայն, որեւէ բան չէր հաղորդվում։
Բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի թղթակիցը հայտնում է, որ տեսանյութում Չավեսը վտիտ տեսք է ունեցել։




























