Թերթը գրում է. «Պարզվում է` ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի համակարգիչներում արգելափակել YouTube-ը, Facebook-ը եւ այլն, որպեսզի պատգամավորներն աշխատանքային ժամերին (նիստերի ժամանակ) զբաղվեն աշխատանքով ու չմտնեն ժամանցային կայքեր:

Եթե խորհրդարանի ղեկավարությունն իսկապես ցանկանում էր, որ պատգամավորները նիստերի ժամանակ «չշեղվեն» եւ զբաղվեն իրենց գործով, պիտի ոչ թե սոցիալական կայքերն արգելափակեր, այլ ԱԺ բուֆետը, որովհետեւ պատգամավորների մեծ մասը առավելապես հենց այդ «տիրույթում է» ժամանակ անցկացնում: Չնայած` եթե նման որոշում ընդունվեր, այնքան էլ արդարացի չէր լինի, որովհետեւ պատգամավորների զգալի մասի օրենսդրական գործունեության հիմնական նպատակն ուտելն է, այսինքն` նրանք ԱԺ բուֆետում իրենց հիմնական գործով են զբաղվում: Մանավանդ որ սնվելու գործընթացն ինֆորմացիոն ռիսկեր չի պարունակում եւ չի խաթարում Հայաստանի ներքաղաքական կայունությունը: Այնպես որ` ԱԺ ղեկավարությունը միանգամայն ճիշտ է վարվել: Մեր պապերը որ YouTube չէին մտնում, ի՞նչ էր լինում: