Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, թե «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերադարձրել են Սուքիասյան ընտանիքին:
Այս կապակցությամբ «Առավոտ»-ը պարզաբանումներ է խնդրել «Սիլ կոնցեռնի» բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանից: Նա հերքել է լուրը, թե գործարանը վերադարձրել են եղբորը` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ում նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում իր ընդդիմադիր հայացքների` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: «Մենք պայքարել եւ պայքարելու ենք սեփականության մեր իրավունքը վերականգնելու համար: Եվրոպական դատարանը տեւական ժամանակ է, ինչ վարույթ է ընդունել եւ ուսումնասիրում է մեր հայցը, եւ ես համոզված եմ, որ մենք կհասնենք հաջողության»,-հայտարարել է Սարիբեկ Սուքիասյանը: Նա նաեւ ասել է, որ Խաչատուր Սուքիասյանն այս պահին արտերկրում է, աշխատում է մեծ համացանցային ծրագրի վրա, որի մասին շուտով հանրությունը տեղյակ կլինի: Իսկ նրա դիրքորոշման [քաղաքական] մեջ որեւէ փոփոխություն չկա:




























