«Մեր տեղեկություններով, «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ընդդիմության հանրահավաքներից առաջ միայն:
Համաձայն «ավանդույթի», երեկվա հանրահավաքից առաջ եւս վճարվել էր գործարանի աշխատակիցների 1 ամսվա աշխատավարձը (գործարանը պարտք է 5 ամսվա աշխատավարձ): Դա տեղի է ունեցել, երբ պարապուրդի մեջ գտնվող գործարանի մի խումբ աշխատակիցներ գնացել են գործարան, հանդիպել ղեկավարությանը եւ հայտնել, որ եթե իրենց աշխատավարձերը 2 օրում չվճարեն, նախ երթով գնալու են նախագահական նստավայր եւ այնտեղ բողոքի ակցիա անեն, իսկ արդյունքի չհասնելու դեպքում ամբողջ աշխատակազմով երթով միանալու են Ազատության հրապարակի հունիսի 30-ի հանրահավաքին: Իհարկե, մեկ ամսվա աշխատավարձը, ինչպես «Նաիրիտի» աշխատակիցներն են պնդում, վերջին 5 ամսվա ընթացքում կուտակված կոմունալ վճարումների մի մասն էլ չի փակում, բայց այդ կերպ ղեկավարությունը փորձում է աշխատակիցներին հետ պահել կտրուկ գործողություններից: Երեկ այս մասին «ՀԺ»-ն մեկնաբանություն է ստացել «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից, ով ասել է, թե աշխատավարձերի վճարումը հանրահավաքի հետ կապ չունի, եւ երբ որ հնարավորություն է լինում գումար հայթայթել, իրենք աշխատավարձը վճարում են:




























