Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն որոշ մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման շուրջ միջնորդների հետագա ծրագրերի վերաբերյալ Կազանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո:
Ղարաբաղյան հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ են արվելու՝ այդ հարցում համաձայնության հասնելու համար, ասել է Ժյուպեն «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում:
«Ես, իհարկե, ողջունում եմ Ռուսաստանի, ՌԴ նախագահի ջանքերը, նա շատ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ եւ Սոչիում, եւ Կազանում: Բայց, այդուհանդերձ, այն, որ դա չի հանգեցրել որեւէ արդյունքի, դա ցավալի է: Որքան ես գիտեմ, այժմ լրացուցիչ առաջարկներ են արվելու, որպեսզի ինչ-ինչ համաձայնության հասնեն»,- նկատել է նա:
Կազանում հունիսի 24-ին կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:




























