Հասարակությունը հիսաթափված է բոլորից` թե’ իշխանությունից, թե’ ընդդիմությունից եւ պետք է գա այն գիտակցության, որ միայն ինքն է ի վիճակի երկրում փոփոխություններ կատարել: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ իշխանության ու Հայ ազգային կոնգրեսի միջեւ ծավալվող բանակցությունները «գալիս են չարից»:

«Ինչո՞ւ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա հայտարարում, թե սեպտեմբերից կսկսի Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը, եթե մինչեւ այդ  նրան ու նրա կառավարությանն անվանում էր թաթար-մոնղոլներ: Ինչ է, դա ֆիկցիա՞ էր ու դեռ նո՞ր է գալիս դրան: Դա նշանակում է, որ բանակցությունները գալիս են չարից: Ունես սկզբունքներ, դիրքորոշում, ուրեմն եղիր սկզբունքային մինչեւ կյանքիդ վերջ: Խի՞, էն մարդիկ, ովքեր սկզբունքային էին, որոնք մահանում էին ու հանուն հայրենիքի գնում էին մինչեւ վերջ իրենք բանակցելու ձեւ չգիտեի՞ն »,-տարակուսեց Կարապետյանը` հավելելով, որ սովորաբար բանակցում են ` ինչ-որ բան կիսելու, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար:

Ըստ Կարապետյանի` անթույլատրելի է բանակցել մի ուժի հետ, որին դու համարում ես «ավազակապետություն»:

ԺԿ նախագահի խոսքով` ընդդիմությունը իր բանակցային օրակարգում չունի մի հարց, որն առնչվի Հայաստանի ողջ ժողովրդի շահին ու խնդիրներին: Դիտարկմանը, թե ՀԱԿ առաջնորդը երեք կետ առաջադրեց` քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի գործի վերաքննություն եւ Ազատության հրապարակի տրամադրում` հանրահավաքներ անցկացնելու համար, Տիգրան Կարապետյանը հեգնեց. «Այդ կետերն առաջինը ես դրեցի, ինքն էլ ինձանից պլեճ արեց»:

ԺԿ նախագահը նշեց նաեւ, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքների մարդաշատությունն ապահովելու համար փող է ծախսում, ավտոբուսներով մարդիկ է բերում շրջաններից: Սակայն ԺԿ նախագահը նման մեթոդով իր հրավիրած հանրահավաքներին չի ցանկանում մարդ ապահովել: Նա կարծում է, որ ոչ թե ինքը պետք է հորդորի ժողովրդին մասնակցել հանրահավաքներին, այլ ժողովուրդը պետք է հորդորի իրեն` հանրահավաքներ հրավիրել եւ բարձրացնել իրենց հուզող խնդիրներն ու պահանջել դրանց լուծումը: