Գարեգին Բ Կաթողիկոսը հունիսի 29-ին հովվապետական այցով ժամանել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգա:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավակայանում նրան դիմավորել են Լատվիայի հոգեւոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը, հայ համայնքի նախագահ Առնո Տեր-Սահակովը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նույն օրը երեկոյան Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Զրույցի ընթացքում նա իր երախտագիտությունը է հայտնել նախագահին հայ համայնքի հանդեպ Լատվիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար:
Զատլերսը ողջունել է Գարեգին Բ-ի այցը Ռիգա, բարձր գնահատանքով ներկայացրել հայ համայնքի կարեւոր ներդրումը Լատվիայի կյանքում եւ շնորհավորել Վեհափառին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման եւ օծման առիթով:
Հունիսի 30-ին կաթողիկոսը հանդիսապետել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա են եղել Ռուս ուղղափառ եկեղեցու, Լյութերական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ ուխտավորներ` այս առիթով ժամանած Էստոնիայից եւ Լիտվայից:
Արարողության ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է անդրանիկ Սուրբ Պատարագը:
Նույն օրը Գարեգին Բ-ն հայրապետական օրհնության գրեր է շնորհել եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ ունեցած շուրջ մեկեւկես տասնյակ բարերարներին:
Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի համայնքի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք:
Այսօր` հուլիսի 1-ին Գարեգին Բ-ն կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:




























