Մասոնները ֆինանսավորում են Հայաստանի քաղաքական դաշտը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 1-ին հայտարարեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե այդ ֆինանսավորման շնորհիվ է, որ որոշ քաղաքական ուժեր կարողանում են մարդաշատ հանրահավաքներ անցկացնել: Թե ո՞ր քաղաքական ուժի մասին է խոսքով` ԺԿ նախագահը չնշեց, միայն հավելեց, որ մասոնների`վերջին շրջանում Հայաստանում նկատվող ակտիվությունը պատահականություն չէ:
«Հայաստանում նրանց ակտիվացումը հուշում է, որ ինչ որ թեմաներ կան: Այն ուժերը, որոնք մշտապես հանդիպում են Պրեսկոտին, Կոլոմբիեին (ՀՀ հարցով ներկա եւ նախկին համազեկուցողներ), դուք իրենց հարցրեք»,-ասաց Կարապետյանը: Նա նշեց, որ մասոնները որեւէ երկրում ակտիվանում են այն ժամանակ, երբ տվյալ երկրում հաջողություններ են ունենում:
«Մասոնները այսօր Հայաստանում տիրող եռուզեռի մեջ են, հաջողություններ ունեն, եզրեր ունեն բանակցելու, եւ հենց այդ է պատճառը, որ նրանց «պապաները» գալիս են, անհանգստանում են, որ հանկարծ կոնֆլիկտներ չլինեն»,-նշեց Կարապետյանը` այդպես էլ չհստակեցնելով, թե ովքեր են «պապաները»:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, այսօր` հուլիսի 1-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը: Այն կտեւի մինչև հուլիսի 11-ը:
Ըստ տարբեր տվյալների` Հայաստանում մոտավորապես 100 մասոն կա:




























