Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ին ընդունել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ղեկավար կազմի պատվիրակությանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա բարձր է գնահատել Ասոցիացիայի առաքելությունը` տարբեր երկրների ոստիկաններին միավորելու ուղղությամբ, ընդգծելով նման հեղինակավոր կազմակերպության պատվիրակության հայաստանյան այցի կարեւորությունը:

Ոստիկանության պետը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ծավալված ընդգրկուն բարեփոխումների ընթացքը եւ հույս հայտնել, որ Միջազգային ոստիկանական ասոցիացիան իր ներդրումը կունենա բարեփոխումները լիարժեք իրականացնելու եւ մեր երկրում արդիական ոստիկանական համակարգի ձեւավորման գործում:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ղեկավար կազմի պատվիրակությունը ներկայացրել է իրենց կազմակերպության կառուցվածքը, առաքելությունը, գործունեության առանձնահատկություններն ու նպատակները, ինչպես եւ հավաստել, որ կարվի ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ոստիկանությունն ամենամոտ ապագայում դառնա Միջազգային ոստիկանական ասոցիացիայի լիիրավ անդամ:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պարգեւատրվել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի առաջին աստիճանի մեդալով: