Հայաստանի արդարադատության նախարարությունն արդեն երկրորդ օրն է` համառորեն հրաժարվում է մեկնաբանել իր աշխատակից, փոխգնդապետ Արտակ Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Ընդ որում, միջադեպն այդ բավական լուրջ է, հատկապես, որ NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ 36-ամյա Արտակ Ղազարյանին, ով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել:

Հունիսի 30-ին, ժամը 1:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ եւ Սեւան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների եւ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ:  Արտակ Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

NEWS.am-ը մինչ այս պահը փորձել է մեկնաբանություն ստանալ արդարադատության նախարարությունից, սակայն` ապարդյուն: Նախարարությունից հրաժարվել են որեւէ մեկնաբանություն հաղորդել իրենց աշխատակցի դեմ կիրառված բռնության մասին: