«Արմենիա» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյանը, ում հունիսի 27-ին ծեծի էր ենթարկել մի քաղաքացի, զանգահարել էր NEWS.am-ի խմբագրություն` պարզաբանելու իր հետ տեղի ունեցած միջադեպը:
Նա նշեց, որ իրեն ծեծողի հետ երբեւէ չի առնչվել, եւ այդ օրը առաջին անգամ է տեսել նրան: Վերջինս, Հարությունյանի խոսքով, հարձակվել է իր վրա, հայհոյել ու հարվածել գլխին: Հարվածները հասցվել են ոչ թե քարով, այլ` փաթեթի մեջ դրված մոտ 60 սմ-անոց իրով, ապա` բռունցքներով: «Ես իջնում էի հիվանդանոցի աստիճաններով, իմ կողքով անցնում էր մոտ 40 տարեկան մի մարդ, ով ասաց, թե` վայ, կրունկս կոտրվեց ու կռացավ: Ես բանի տեղ չդրեցի, ես նրան չէի ճանաչում, որովհետեւ եթե ճանաչեի, կասեի` ինչո՞վ օգտակար լինեմ: Անցա կողքով երկու քայլ եւ հետեւիցս հարվածեց»,-պատմեց Հարությունյանը` հավելելով, թե քաղաքացին հարվածելիս դժգոհել է այն բանից, որ Հարությունյանը սխալ է բուժել մորն ու փող է ուզել:
Բժիշկը, սակայն, պարզել է, որ քաղաքացու մայրը երկու տարի առաջ մահացել է: Բժշկին ծեծի ենթարկած անձը ոստիկանությունում այլ բան է ասել, թե իբր բժիշկ Հարությունյանն իր եղբորը վիրահատելու համար 3 հազար դոլար գումար է պահանջել: «Եթե ասեր 300 հազար կամ 100 հազար, դա խելքին մոտիկ կլիներ: Իսկ 3 հազար դոլարի վիրահատությունն էդ ի՞նչ վիրահատություն պիտի լիներ»,-նկատեց Հարությունյանը` հավելելով. «Էդ մարդն ամեն ինչ հորինում է, եւ ես չգիտեմ, թե դրա ոտերը որտեղից է գալիս: Բա ո՞ւր է նրա եղբայրը, որ մինչեւ հիմա ի հայտ չի եկել»:
Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավարը նշեց նաեւ, որ իրեն ծեծի ենթարկելու պահին քաղաքացին եղել է սթափ վիճակում, ճանաչել է իրեն, ավելին. «Իմ անուն ազգանունը` թղթի վրա գրած, միլիցեքը իրա ջեբից գտել են»:
NEWS.am-ը հետաքրքրվեց Հրայր Հարությունյանից, թե ո՞րն է ամենաթանկ վիրահատությունը, որը կատարվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքում: «Էնդոպրոտեզավորումն է, որն արժե 4-5 հազար դոլար: Ես ոնց հասկացա, ինձ ծեծողի եղբայրը ջահել անձնավորություն է, որին պրոտեզ դնել չէր կարելի: Մենք ջահելներին չենք պրոտեզավորում»,-հայտարարեց Հարությունյանը` հավելելով, որ «Արմենիա» բ/կ-ում իր աշխատանքային գործունեության երկու ամիսների ընթացքում որեւէ պացիենտի չի հետազոտել եւ էնդոպրոթեզավորում չի առաջարկել:
Ի դեպ` Հրայր Հարությունյանը հիշյալ կլինիկա է տեղափոխվել «Էրեբունի» բ/կ-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` հունիսի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում: Ըստ ՀՀ ոստիկանության`«Արմենիա» հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով եւ գլխի գագաթային շրջանի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Հրայր Հարությունյանը: Նա, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 41-ամյա Արթուր Գասպարյանին: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի մոտ բռունցքով եւ քարով հարվածել է Հրայր Հ.-ին եւ պատճառել նշված վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արթուր Գասպարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ մի քանի օր առաջ բժշկին ծեծելու դեպք էր արձանագրվել նաեւ Գյումրիում: Հունիսի 26-ի երեկոյան շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծելով սպանել էր «հիվանդատեր» 28-ամյա Արտակ Կարապետյանը:




























