Հայաստանի արդարադատության նախարարությունն արձագանքել է իր աշխատակից, փոխգնդապետ Արտակ Ղազարյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է հետեւյալը.

«Տեղի է ունեցել տհաճ միջադեպ մեր աշխատակցի եւ ոստիկանության ծառայողների միջեւ:  Ընթանում է քննություն:

Հայաստանի արդարադատության նախարարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ օրենքի առջեւ հավասար են բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաեւ արդարադատության նախարարության  աշխատողները: Սկզբունք, որն ամրագրված է ՀՀ Սահամանադրությունում:

Նույն նկատառումներով նախարարությունը չի պատրաստվում միջամտել քննությանը կամ մեկնաբանել գործընթացները:

Միեւնույն ժամանակ, արդարադատության նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի իրականացվի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն»:

Նշենք, որ տեղի ունեցած միջադեպը բավական լուրջ է, հատկապես, որ NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ 36-ամյա Արտակ Ղազարյանին, ով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել: