Խմելու ջրի պաշարները աշխարհում անսպառ չեն, գրում է The Independent-ը: Մոլորակի բնակչությունը ավելանում է, դրա հետ մեկտեղ մեծանում է պահանջարկը խմելու եւ ոռոգման ջրի նկատմամբ: Գլոբալ մասշտաբով ջրի 70 տոկոսը մարդկությունն օգտագործում է ոռոգման նպատակով, այնինչ կենցաղային եւարդյունաբերական նպատակնեով ջրի սպառումը շատ արագ աճում է: Շատ տեղերում ստորերկրյա ջրային շերտերն այն աստիճան արագ են չորանում, որ NASA-ի արբանյակները գրանցում են երկրային գրավիտացիայի ուժի փոփոխություն:

Water Resources Group-ի տվյալներով` Հնդկաստանին 2030 թ. սպասում է ջրի առաջարկի 50 տոկոս անբավարարություն պահանջարկի նկատմամբ, իսկ համաշխարհային մասշտաբով դա կկազմի 40 տոկոս:

2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը:

Հայաստանի ջրային պաշարների վերաբերյալ գնահատակնները դեռեւս վերջնական չեն: Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 3 մլրդ խոր. մետր, որի մեծ մասը` Արարատյան արտեզյան համակարգում: Իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սեւանի)` մոտ 300 մլն խոր. մետր է, ջրամբարներում` մոտ 1 մլրդ խոր. մետր: Սեւանի ջրային պաշարը մոտ 35 մլրդ խոր մետր է, սա Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է:

Հետաքրքիր է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների մի մասը գոյանում է Թուրքիայից եկեղ ստորերկրյա ջրերի հաշվին: Ամեն տարի ստորերկրյա ճանապարհով Թուրքիայից Արարարտյան դաշտի արտեզյան ջրային համակարգ է լցվում է մոտ 1.2 մլրդ խոր. մետր ջուր, սակայն նաեւ մոտ 0.8 մլրդ խոր. մետր էլ հոսում է դեպի Նախիջեւան:

Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար, թեեւ դա չի նշանակում, որ ջրի խնայողական ծրագրեր չպետք է իրականացվեն:

 Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` 2030-40 թվականներին Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման եւ տեղումների նվազման հետ: Նկատենք, որ այդ ընթացքում տեղի կունենա նաեւ ջրի սպառման ծավալների ավելացում:

Ընդհանրապես` վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես` եթե ջրառը 2000 թ. 1.8 մլրդ խոր. մետր էր, ապա ներկայում մոտենում է տարեկան 3 մլրդ խոր. մետրին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32 տոկոս, 2002 թ. 25 տոկոսի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 մլրդ խոր. մետր ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե ջրի փոխադրման համակարգում առաջիկա տասնամյակին լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի:

Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80 տոկոսից ավելին ուղղվում է ոռոգմանը, եւ միայն 5-6 տոկոսն է օգտագործվում խմելու եւ կենցաղային նպատակներով: Այս առումով հատկապես կարեւորվում է ոռոգման համակարգի արդիականացումը, թեեւ խմելու ջրի փոխադրման համակարգը նույնպես ֆիզիկապես մաշված է: Որոշ խնդիրներ կան նաեւ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի ոլորտում` կապված արհեստական ձկնաբուծության բուռն զարգացման հետ:

Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը: Հայաստանում վերջին տարիներին ամենարարագ աճող արտադրութւյուններից մեկն էլ խմելու ջրի շշալցումն է: Այսպես` 2010 թ. շշալցվել է 11.5 մլն լիտր խմելու ջուր` 35 տոկոսով ավելի, քան նախորդ տարում: 2011 թ. աճի բարձր տեմպերը նույնպես պահպանվում են: Առայժմ խմելու ջրի արտահանման ծավալները մեծ չեն, սակայն չմոռանանք, որ հարեւոն երկրներում (արաբական աշխարհում եւ Հնդկաստանում) բնակչության շատ բարձր աճ է, եւ ջրի նկատմամբ պահանջարկն անշեղ աճում է: Ուստի այն մի քանի միլիարդ դոլարը, որ կներդրվի Հայաստանի ջրային համակարգում, վաղ թե ուշ իրեն կարդարացնի:

 

Սամվել Ավագյան