Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 1-ին իր ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յանուկովիչի հետ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատում մասնակցել է հայ-ուկրաինական գործարար համաժողովի բացմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը համաժողովում ունեցած իր ելույթում նշել է, որ հայ-ուկրաինական համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, որ դրա իրականացման գործում կա փոխադարձ հետաքրքրվածություն:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է.
«Այսօր, մենք Վիկտոր Յանուկովիչի հետ հանգամանորեն մտքեր փոխանակեցինք գլոբալ ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ, որը, ցավոք, ազդեցություն գործեց նաեւ մեր երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցության վրա:
Այսօր Ուկրաինան հանդիսանում է Հայաստանի 6-րդ առեւտրատնտեսական գործընկերը, չնայած պետք է նշել, որ մինչ 2008թ. Ուկրաինան եղել է 3-րդ տեղում: ԱՊՀ երկրներից Ուկրաինան շարունակում է մնալ առեւտրային երկրորդ գործընկերը: Վերջին տարվա ընթացքում լավ միտում նկատվեց՝ կա առեւտրաշրջանառության աճ: Եվ չնայած մեզ դեռ չի հաջողվել վերականգնել 2008թ. ցուցանիշները, այդպիսի դրական զարգացումը մեզ հնարավորություն է տալիս ավելի դինամիկ առաջ շարժվել:
Ճիշտ է, մենք խորհելու բան ունենք՝ եւ՛ առեւտրաշրջանառության հաշվեկշռվածության, չէ որ արտահանումը Հայաստանից Ուկրաինա կարելի է չնչին համարել, եւ՛ դրա բազմազանեցման տեսանկյունից:
Այդ կապակցությամբ, ինձ թվում է, հատուկ դեր կարող է խաղալ նորարարական ճյուղերում, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցության խորացումը: Ես համոզված եմ, որ շատ բան կարելի է անել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն պետք է հատկացնենք տրանսպորտային-տարանցիկ սակագների հավասարակշռվածությանը: Սակագներ, որոնք այսօր կիրառվում են գործող լաստանավային փոխադրումների նկատմամբ, էապես սահմանափակում են եւ՛ հայ, եւ՛ ուկրաինացի ապրանք արտադրողների եւ արտահանողների հնարավորությունները: Վստահ եմ, որ այս հարցը, որի շուտափույթ կարգավորումից ուղղակիորեն շատ բան է կախված առեւտրատնտեսական հարաբերություններում, մենք կարող ենք լուծել փոխշահավետության հիման վրա:
Վստահ եմ, որ կրճատելով ավելորդությունները, իսկ շատ դեպքերում բիզնեսի համար ոչ ոգեւորիչ տրանսպորտային ծախսերը, հնարավոր կլինի ապահովել համատեղ ներդրումային նախագծերի իրականացմանը մասնակցող ավելի մեծաքանակ ձեռնարկություններ: Հասկանալի է, որ ո՛չ ուկրաինական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում (4,6 մլն ԱՄՆ դոլար), ո՛չ ուկրաինական կապիտալով Հայաստանում գրանցված համատեղ ձեռնարկությունները, իսկ դրանք ընդամենը 85-ն են, չեն կարող բավարարել ո՛չ հայկական, ո՛չ ուկրաինական կողմերին: Ավելին, այդ ծավալները չեն համապատասխանում համագործակցության այսօրվա հնարավորություններին եւ ներուժին:
Հայաստանն այսօր արդեն հետխորհրդային տարածքում ունի ամենաազատական տնտեսական օրենսդրություններից մեկը: Մենք ունենք ներդրողների իրավունքների պաշտպանության, նրանց գործունեության համար հավասար եւ մրցունակ միջավայր ապահովելու բոլոր մեխանիզմները: Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ: Այժմ քննարկվում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման հարցը, մենք ավարտում ենք աշխատանքը ասոցացված գործընկերության համաձայնագրի շուրջ: Մոտակա ժամանկերում մենք կսկսենք բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին Համաձայնագրի շուրջ: Ես այս ամենը նշում եմ՝ նկատի առնելով ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները, քանի որ մեր բարեփոխումների վեկտորների համընկնումը մեր ձեռնարկատերերի միջեւ արդյունավետ շփումների լրացուցիչ երաշխիք է:
Կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը բաց է ամենատարբեր ուղղություններով փոխշահավետ նախագծերի համար: Կառավարությունների մասով մենք կփորձենք անել ամեն հնարավորը, որպեսզի բիզնեսի համար աշխատանքի պայմանները լինեն հասկանալի, թափանցիկ եւ հարմարավետ:
Կարեւոր է, որպեսզի հայ-ուկրաինական այս գործարար համաժողովը օժանդակի տեղեկատվության փոխանակմանը եւ մեր ձեռնարկատերերի անմիջական շփումներին: Չէ որ բիզնեսն, առաջին հերթին, վստահություն է, իսկ վստահություն կարող է առաջանալ միայն անմիջական եւ անձնական շփումների հիման վրա:
Հուսով եմ, որ այսօրվա միջոցառումը կնշանավորվի նոր հեռանկարային նախագծերով: Ցանկանում եմ ձեզ բոլորիդ մեծ հաջողություններ եւ, որպեսզի մեր երկրների միջեւ գործընկերությունը հետագայում եւս ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մենք պարոն Նախագահի հետ ծանոթ ենք վաղուց: Պարոն Նախագահը երկար տարիներ գիտի Հայաստանը, եւ ինչպես ինքն անձամբ արտահայտվեց՝ նա շրջել է ամբողջ Հայաստանում բոլոր ուղղություններով, եղել է բոլոր բնակավայրերում, եւ այդ առումով ցանկացած ներդրում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում 100 տոկոսով երաշխավորված է»:




























