Թերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ, ով ասել է.

Քաղաքական պայքարը` քաղաքական պայքար, բայց կոռեկտության սահմանը, կարծում եմ, չպետք է անցնել։ ՀԱԿ-ի գործիչները չեն պահում այդ սահմանը։ Գիտեք, որ մենք ամեն ինչ անում ենք երկրում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար, բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք երկխոսության բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀԱԿ-ի հետ, եւ նորմալ ենք վերաբերվում, որ ընդդիմությունը միտինգներում արտահայտում է իր տեսակետները։

Խոսքի ազատություն է, եւ ցանկացած մեկը իրավունք ունի ասելու այն, ինչ մտածում է, բայց դա չի նշանակում, թե կարելի է հայհոյել դիմացինին, ու այդքանից հետո դեռ խոսել երկխոսության մասին։

Կոնկրետ, վերջին միտինգում ելույթ ունեցողներից մեկը հայտարարում է` սրանք հանցագործներ են, եթե չգնան արտահերթ ընտրությունների, իշխանությունը գրոհով կվերցնենք։ Սա կարծես հին սերիալի շարունակությունն է։ Մենք փորձում ենք համաձայնության դաշտ ստեղծել, զերծ մնալ քաղաքացիական բախումների տանող քայլերից, գնում ենք որոշակի քաղաքական բարեփոխումների` եւ հանրահավաքների ազատության, եւ մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով դատապարտված անձանց ազատ արձակման, եւ «Մարտի 1»-ի գործի քննությունը ակտիվացնելու առումով, իրենք նորից խոսում են «գրոհի» մասին, կարծես ուզում են վերադառնալ 2008 թ., երբ իսկապես փորձում էին գրոհով վերցնել իշխանությունը։

ՀԱԿ-ի առաջնորդը «ջրբաժանի» նոր ժամկետ սահմանեց` 2 ամիս տվեց իշխանություններին պատվիրակությունների մակարդակով արտահերթ ընտրությունների մասին բանակցելու հարցում վերջնականապես «կողմնորոշվելու» համար։ Ի՞նչ եք կարծում` մինչ այդ կոնգրեսին կհաջողվի՞ լուծել գրոհայինների 700 հազարանոց բանակ հավաքելու գերխնդիրը։

3-4 հազար մարդու առջեւ ելույթ ունենալ եւ խոսել 700 հազարի մասին` սա արդեն հիվանդագին երեւույթ է։ Սա` մեկ։ Երկրորդ` հեղափոխությունները միայն «զանգված հավաքելով» չեն լինում։ Պետք է լինի դրա հասարակական պահանջը։ Չկա այդ պահանջը։ Նրանց «պահանջարկը» այդ 3000 հոգին է, որոնց տեսանք երեկ Թատերական հրապարակում։

Ինչ վերաբերում է «բանակցություններին», մեր դիրքորոշումը հայտնի է. մենք գնում ենք երկխոսության, ոչ թե բանակցությունների, ինչպես իրենք են ասում։ Կարծես Հայաստանը կիսվել է երկու մասի, կա իշխանություն եւ ինչ-որ ապստամբների թեւ, եւ այս երկու թեւերը պետք է պատվիրակություններ կազմեն բանակցելու համար։ Մենք ասում ենք` այդ ձեւաչափը ընդունելի չէ։ Արտահերթ ընտրությունների նախապայմանը նույնպես ընդունելի չէ, որովհետեւ դրա համար ոչ իրավական, ոչ քաղաքական նախադրյալներ չկան։