Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ընդունել, որը նախատեսում է «չեզոք» անձնագրերի տրամադրում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, վրացական իշխանությունները նախատեսում են թողարկել «անձը հաստատող չեզոք վկայականներ» եւ «չեզոք անցաթղթեր»: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները, ցանկության դեպքում, կարող են ստանալ այդ փաստաթղթերը` վճարելով որոշակի գումար` 10 լարի (մոտ $6) վկայականի եւ 35 լարի ($21) անցաթղթի համար:

Այդ փաստաթղթերն ունեցողները կարող են ազատ տեղաշարժվել Վրաստանի տարածքում եւ մեկնել արտերկիր:
Ներկայացնելով նախաձեռնությունը` Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Եկատերինա Տկեշելաշվիլին հայտարարել է, որ փաստաթղթերը փոխարինելու են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին «անօրինական կերպով տրված Ռուսաստանի անձնագրերը»: