Նյու Յորքի դատարանը հուլիսի 1-ին որոշել է տնային կալանքից ազատ արձակել ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանին: Ըստ «Կոմերսանտի»` նիստի ընթացքում Սթրոս-Կանի փաստաբանները դատարանի ուշադրությունն են հրավիրել տուժածի` Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոյի հակասական ցուցմունքներին:
Դատավորը որոշել է տնային կալանքից ազատելուց զատ, Սթրոս-Կանին վերադարձնել 1 մլն դոլարի գրավը: Առաջիկայում նրան կվերադարձվի նաեւ անձնագիրը, սակայն Սթրոս-Կանն առայժմ ԱՄՆ-ն լքել չի կարող, քանի որ մինչ դատական գործի ավարտն այնտեղից չհեռանալու մասին ստորագրություն է տվել:
Տնային կալանքից ազատվելուց հետո` Սթրոս-Կանը կնոջ հետ լքել է Մանհեթենի բնակարանը: Լրագրողների վկայությամբ նա եղել է «առույգ եւ ժպտադեմ»:
Փորձագետների կարծիքով` Սթրոս-Կանը կարող է նորից 2012թ. Ֆրանսիայում նախագահական ընտրությունների թեկնածու դիտարկվել: Վերլուծաբանների կարծիքով` նա լավ հնարավորություններ ունի. մի քանի ամիս առաջ համարվում էր Սոցիալիստական կուսակցության ամենահայտնի անդամներից մեկը, իսկ հիմա շատ ֆրանսիացիներ նրան համարում են քաղաքական ինտրիգի զոհ:




























