Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 4-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին Սերժ Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարեւորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային եւ քաղաքական բնագավառներում։

Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, եւ չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:

«Բնականաբար, մենք եւս Հայաստանում մեծ կարեւորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը եւ շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,-ասել է Հանրապետության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ՄԱԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ համագործակցությանը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի եւ Ճամփորդության եւ զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը, նշելով, որ  քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն եւ ի համաձայնություն են ընդունում զբոսա¬շրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կարեւորությունը: