Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 27–ին,  ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք եւ զինվորականներ:

Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսեւորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության եւ համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսեւորումները:

Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: