Տարիների ընթացքում շատ բան չի փոխվել, ինչպես տարիներ շարունակ պայքարել ենք մեր իրավունքների համար, այնպես էլ հիմա խոսքի ազատությունը լրագրողների եւ խմբագիրների պայքարի թեման է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«Կարող ենք հանգիստ խղճով ասել, որ Հայաստանում իշխանությունների ժառանգականությունն արտահայտվում է մեկ բանով՝ մամուլի դեմ ատելության, մամուլի դեմ աշխատելու, խոսքի ազատությունը սահմանափակելու հարցերում: Լրագրողների դեմ շատ պարզ սխեմա է աշխատում. Ընդամենը ինքնապաշտպանության սխեման է: Իշխանությունները նաեւ քրեաիրավական գործողություններով փորձում են իրենց պաշտպանել քննադատությունից, գրաքննություն իրականացնել եւ թույլ չտալ, որ իրենց քննադատի հասարակությունը: Դա երեւում է ամեն ինչում: Կարծում եմ՝ եթե չամաչեին, պարզապես օրենքում կգրեին՝ Նիկոլ Փաշինյանին, էսինչյան էսինչին չքննադատել ու վերջ: Պետք չէր այս, մոդայիկ բառով ասած, կապիկությունները»,-ասաց նա:
Արմինե Օհանյանը նկատեց, որ վերջին շրջանում այն զգացողությունն ունի, որ օղակը սեղմվում է իրենց շուրջը. «Այն բոլոր սահմանափակումները, ճնշումները մամուլի նկատմամբ, որ եղել են 30 տարվա ընթացքում, այս երեք տարիներին խտացված տեմպերով, ավելի հնարամիտ ու խորամանկ ձեւով իրականացվում են: Կարելի է հատորներ գրել, թե այս երեք տարվա մեջ ինչ մեթոդներ են կիրառել՝ հոգեբանական ճնշումներ, ֆեյսբուքյան արշավներ, ֆինանսներին խփել, փոփոխություններ քրեական օրենսգրքում եւ այլն»:
«Հրապարակի» խմբագիրը խոսեց մի նոր վտանգի մասին. «Հասարակությունն սկսել է մեզ մեղադրել բոլորովին մեզ հետ կապ չունեցող մեղքերի, ձախողումների, մեղքերի համար: Մենք չունենք բավարար հանրային աջակցություն: Նույնիսկ մտավորականները, նույնիսկ ընդդիմությունը մեր կողքին չեն: Ընդդիմությունը վիճարկում է տարբեր խնդիրներ, դիմել են ՍԴ, բայց մամուլի հետ կապված խնդիրն իրենցը չի: հեշտությամբ ԱԺ ղեկավարությունը մի նիստով անցկացրեց սահմանափակումների նոր կանոնակարգը: Ընդդիմությունն ի՞նչ է արել, ընդամենը մի քանի հոգով դեմ են քվեարկել ու համարել են իրենց պարտքը կատարած: Մինչդեռ սոսկալի բան է տեղի ունենում: Ժամանակին կառավարության շենքում լրագրողներն ազատ ելումուտ ունեին, բարձրանում էին վերեւ, նիստերի դահլիճի մոտ հարցազրույցներ էին անում: Դեռ նախքան փաշինյանական կառավարումը այդ կարգը փոխվեց: Հիմա էլ անցան ԱԺ-ում այդ կարգը փոխելուն:
Ժամանակին մենք մի նյութ էինք հրապարակել, թե ինչպես էին պատգամավորները մեկի աշխատասենյակում հարբեցողությամբ զբաղվել: Հիմա արդեն այդպիսի նյութեր չենք ունենա»,-ասաց նա:





























