Շուրջ 26 տարի է, ինչ «Ամարաս» պարային խումբըշարունակում է մնալ  պարարվեստում իր հաստատուն տեղում եւ շարժվել ժամանակի հետ համընթաց։ Պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի հետ զրուցել ենք «Ամարասի» հաջողությունների, համագործակցությունների եւ ուսումնական տարվա մեկնարկի մասին։

«Ամարասում» ինչպես միշտ ուսումնական տարին մեկնարկել է ընդունելության մեծ հոսքով։

Փառք Աստծո, մեզ մոտ միշտ կա ընդունելության մեծ հոսք։ Դա մեր ճիշտ աշխատանքի արդյունքն է։ Մեր աշխատանքի լավագույն գնահատականը  ընդունելությունն  է։ Մենք ունենք պարային բոլոր գլխավոր ոճերը. դասական պար՝ բալետ, որը պարարվեստի հիմքն է, հայկական, ազգային, ժողովրդական պարեր, ինչպես նաեւ մեր օրերի արդիական HIP HOP-ը, որի պահանջարկը ցավոք ավելի շատ է։ «Ամարասը»պրոֆեսիոնալ ստուդիա է, որտեղ պարտադիր անցնում են բոլոր պարային ոճերը։ Չեն կարող ընտրել միայն HIP HOP–ը եւ վերջ։ Ես այնպես եմ արել, որ ընտրության հնարավորություն չունենան։Թեկուզ, սկզբում չուզելով, բայց հետո հասկանում են,որ դա կարեւոր է եւ նույն ոգեւորությամբ շարունակում են դասական, հայակական եւ HIP HOP պարել։

Առաջիկայում մեծ անակնկալներ կան:

Այս շրջանում մի շարք համագործակցություններ ունենք։ Շուտով կներկայացնենք Հանրային հեռուստաընկերության հետ մեր նոր նախագիծը։ Բացի այդ, այս պահին աշխատում եմ Արամեի նոր տեսահոլովակի վրա։ Չեմ ուզում փակագծեր բացել, բայց պետք է նշեմ, որ չափից ավելի հետաքրքիր, տարբերվող եւ շատ յուրահատուկ աշխատանք է սպասվում։ Դեկտեմբերին ևս «Ամարասի» հետ կապված շատ կարեւոր իրադարձություն կա, որի մասին շատերը կերազեն։

Նադեժդա Սարգսյանի շնորհիվ ես մուտքգործեցի շոուբիզնես:

Լինելով Երևանի պարարվեստի ուսումնարանի սան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դասական պարարվեստի ներկայացուցիչ, սոլիստ՝ չեմ մտածել, որ մի օր այս ամենի միջով կանցնեմ։ Մինչեւ այն պահը, երբ իմ սիրելի Նադեժդա Սարգսյանն ինձ ասաց, որ ուզում է Հանրայինի առաջին երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Էմմիի բեմադրությունը ես անեմ։ Դրանից հետո բոլորը սկսեցին հետաքրքրվել եւ ինձ համար մեծ պատիվ էր, որ ներկաները բեմում տեսնելով երգող արտիստին ու պարողների, ասում էին կարծես դրսի աշխատանք լինի։ Դա ինձ համար մեծ գնահատական էր։ Դրանից հետո հաջորդեց Քրիստինե Պեպելյանի եւ Արամեի հետ մեր համագործակցությունը, որն ինձ համար դարձավ ճակատագրական։ Արդեն 18 տարի է ես այս ոլորտում եմ։

Ես շատ ուրախ եմ, որ այսօր սերունդներ են աճում եւ բոլորը ուզում են դառնալ «Ամարասի» Վիկա։

Օրեր առաջ Ավետ Բարսեղյանն էր զանգել ասում էր, որ դու տիկ տոկը շատ վաղուց ես սկսել, երբ թելադրում էիր թրենդային շարժումներ եւ բոլորս կրկնում էինք։ Պարզապես, այն ժամանակ չկար ինտերնետային հարթակ եւ նման հնարավորություն՝ սոցիալական ցանցերում ներկայանալու եւ աշխատանքդ ներկայացնելու։ Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր ունենք շատ տաղանդավոր արտիստներ, կոմպոզիտորներ, պարողներ, որոնք ինտերնետային հարթակում չկան և շատ երիտասարդներ չգիտեն նրանց մասին։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք ժամանակի հետ քայլել և սոցիալական էջերում ցուցաբերել մեր ակտիվությունը:

Ինձ համար, ներկայիս հայտնի դառնալու հնարավորությունները ծիծաղելի են, որովհետեւ շատ հեշտ է։ Կարող ես նստել հեռախոսի դիմաց, իհարկե կներեք, հիմարություն անել եւ դառնալ քննարկվող։ Ես հպարտ եմ, որ այն ամենին, ինչին հասել ենք մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք երբեք չենք փորձում կրկնօրինակել, այլ փորձում ենք ստեղծել մերը։

Շատ ուրախ եմ, որ շատերը մեզնից ոգեշնչվելով, փորձում են խմբեր ունենալ, փորձում են իրենց ղեկավար զգալ կամ փորձում են արտիստների հետ աշխատել եւ այլն։ Այդ ամենը ոչ միայն ես եմ նկատում, այլ` շատերը։ Հաճելի է, որ իմ արածից հետո, մարդիկ մտածում են, որ իրենք էլ կարող են անել։