Ոստիկանությունում անձնագրերի բացակայության հետ կապված՝ քաղաքացիները դիմում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից։
«Անձնագրերի տրամադրման խնդիրներով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծին» բանավոր ստացվել է 10-ից ավելի ահազանգ։ Խնդիրը նախորդ շաբաթ քննարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հարցը կլուծվի սեպտեմբերի 15-ից, իսկ մինչ այդ ունեն սահմանափակ թվով անձնագրեր, որոնք ըստ դիմումի հրատապության են քննարկվում եւ տրամադրվում քաղաքացիներին։
Պաշտպանին դիմած քաղաքացիներից մեկի անձնագիրը հրատապ ստանալու հարցն այդ տարբերակով լուծվել է»,- հայտնեցին օմբուդսմենի գրասենյակից։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի անձնագրային բաժանմունքները դադարեցրել են անձնագրերի տրամադրումը: Սա բացատրվում է այն խնդիրներով, որոնք ծագել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված: Սակայն հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ ստեղծված իրավիճակի մեղավորը ոստիկանությունն է։





























