Հայաստանի ներկայիս իշխանությունների օգտին քվեարկած մարդիկ հոգու խորքում իրենց ապագան չեն կապում երկրի հետ եւ ցանկանում են արտագաղթել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:

Նա պարզաբանեց, որ արտագաղթել է մարդկանց այն հատվածը, որը մանդատ է տվել ներկայիս իշխանություններին՝ հանուն ապագայի, սակայն այդ ապագան փնտրում է այլ երկրում:

«Շատերն իրենց ապագան չեն կապում երկրի հետ: Մարդիկ հեռանում են կորոնավիրուսի ծանր հետեւանքների, պատերազմի եւ անվտանգության խնդիրների հետեւանքով: Պատճառները կապված են Հայաստանի շուրջ ստեղծված քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ», - հավելեց Բարսեղյանը:

Նա նշեց, որ չնայած տնտեսության դրական միտումների մասին իշխանությունների հայտարարություններին՝ գնաճն առավել քան շոշափելի է:

«Վիճակագրությունը միշտ կարող է ներկայացվել դրական լույսի ներքո, սակայն երբ անմիջականորեն աշխատում ես մատակարարների հետ, այլ պատկեր է ստեղծվում: Էկոնոմիկայի նախարարը զբաղված է պոպուլիզմով, ինչն անընդունելի է ու շատ վտանգավոր: Չի կարելի 2021 թվականի տվյալները համեմատել կորոնավիրուսային տարվա ցուցանիշների հետ եւ ուրախանալ: Բացասական սպասումները ծայրահեղ բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա, եւ արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպես հնարավոր կլինի վերականգնել հանրային սննդի ոլորտի՝ 2017-2018 թվականների ցուցանիշները», - ընդգծեց Աշոտ Բարսեղյանը: