Նախքան Արցախյան 44-օրյա պատերազմը երկար տարիներ Վրաստանի տարածքով էին հիմնականում բեռնափոխադրումներ կատարվում, իրար էին կապվում մի կողմից Թուրքիան եւ Ադրբեջանը, մյուս կողմից՝ Հայաստանն ու Ռուսաստանը, բայց պատերազմից հետո ստատուս-քվոն փոխվեց՝ փոխելով նաեւ իրավիճակն այս հարցում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին եւ հետպատերազմական շրջանում հայ-վրացական երկկողմ հարաբերությունների օրակարգին:
Մելիքյանի կարծիքով՝ թեեւ հիմա դեռ գործնականում ռեալ զարգացումներ չկան այդ ուղղությամբ, բայց միտումներ նկատվում են՝ ապաշրջափակման գործընթացը շարունակվելու է, եւ, ըստ փորձագետի, իրավիճակի ընկալումն է փոխվել:
«Եթե նախկինում Թբիլիսիում կենացային դիվանագիտության մակարդակում էին մոտենում հարցին, ապա այժմ հայ-վրացական հարաբերություններում իրավիճակ է փոխվել, որի պարագայում Հայաստանն ու Վրաստանը միմյանց նկատմամբ բարիդրացիական տրամադրվածություն ունեն, եւ երկկողմ ցանկություն կա ակտիվ համագործակցության, օրակարգում նոր հարցեր առաջ քաշելու, ոլորտային համագործակցության շրջանակներն ընդլայնելու եւ միասնաբար հանդես գալու արտաքին շուկաների համար, ինչը հնարավորություն կտա Թբիլիսիին եւ Երեւանին ակտիվ համագործակցության միջոցով որոշակի ձեռքբերումների հասնել: Այսօր Թուրքիային եւ Ադրբեջանին հակակշռելու համար ավելի կարեւոր է դարձել Հայաստանի դերը, եւ հայ-վրացական հարաբերություններում նոր էլեմենտ կա՝ Թուրքիայի առաջարկած 3+3 ձեւաչափն ինչքան մեզ ձեռնտու չէ, այդքան էլ՝ Վրաստանին, փորձ է արվում նոր բովանդակություն հաղորդել հարաբերություններին՝ փորձելով համատեղ նոր նախագծեր իրագործել:
Ապակառուցողական մոտեցում ենք տեսնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Եթե Թուրքիան նախկինում Արցախի հարցն էր առաջ քաշում որպես նախապայման, ապա հիմա էլ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, ինչը ցույց է տալիս, որ ինչքան ակտիվանան հայ-վրացական հարաբերությունները՝ կլինի էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրագործմամբ, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրակամուրջի ստեղծման կամ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծով»,- նկատեց փորձագետը:
Թեեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ վերջին տարիներին գործընթացներ կան, իսկ երկու երկրների ղեկավարները նաեւ այսօր Թբիլիսիում ունեցած հանդիպման ժամանակ են այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը կարեւորել, բայց Մելիքյանն այստեղ լուրջ խնդիր է տեսնում:
«Խոսքն Ադրբեջանի ապակառուցողական քայլերի մասին է՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու տեսքով հենց, ինչը վկայում է, որ Բաքուն փորձում է շանտաժի միջոցով նոյեմբերի 9-ի հայտարարության իրեն ձեռնտու դրույթների իրականացմանը հասնել՝ չցանկանալով ապաշրջափակել Հայաստանի համար իր ենթակառուցվածքները: Ուստի, շատ կարեւոր է, որ հնգակողմ ձեւաչափում եւ այլ հարթություններում թե՛ մենք, թե՛ մեր դաշնակիցներն ու գործընկեր պետությունները կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ ստիպելով վերջինին իր ապակառուցողական քայլերով չխոչընդոտել ծրագրի կյանքի կոչմանը:
Փորձագետը նշում է, որ Վրաստանը տրանսպորտային այս նախագծի իր մասնաբաժնում մեծածավալ աշխատանքներ է կատարել վերջին տարիներին՝ մի քանի միլիարդ լարիի ներդրումներ կատարելով:
«Վրաստանն իր ենթակառուցվածքներն է արդիականացնում, մեծածավալ աշխատանք է կատարվելու նաեւ առաջիկայում, ինչը կարդիականացնի իրենց հնարավոր բոլոր տարանցիկ ճանապարհները եւ թույլ կտա շատ արագ եւ էժան բեռնափոխադրումներ իրականացնել, մնում է մենք հետ չմնանք եւ մեր մասն ապահովենք»,- նկատեց փորձագետը:





























