Ե՛վ Հայաստանում, ե՛ւ ամբողջ աշխարհում այսօր data science մասնագետների մեծ պահանջարկ կա։ Այդ մասնագետները կարող են աշխատել ոչ միայն իրենց երկրում, այլ նաեւ այլ երկրներում՝ հեռավար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց PMI Science-ից տվյալների գիտության գծով մենեջեր Նարեկ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ այսօր տվյալների գիտության շուկան ամբողջ աշխարհում ընդլայնվում է։ Եվ չնայած ավելի ու ավելի շատ համալսարաններ եւ թրենինգ կենտրոններ սկսում են մասնագետների պատրաստել այդ ոլորտում, աշխատակիցների գտնել շատ ընկերությւոնների համար, բարդ գործ է։ Մելքոնյանի խոսքով՝ իրավիճակը բարդացնում է երկու գործոն․ առաջին հերթին, տվյալների գիտության հանրայնացման եւ աճի հետ մեկտեղ աճում է նաեւ մասնագետների պահանջարկը, իսկ մասնագետներն ավելի քիչ են, քան թափուր աշխատատեղերը, երկրորդ հերթին, մասնագետները հնարավորություն ունեն հեռավար աշխատել արտասահմանյան ընկերություններում, ինչը եւս բարդացնում է Հայաստանում աշխատաշուկայի իրավիճակը։
Որոշ ընկերություններ, ինչպես նշեց Մելքոնյանը, այսօր ստիպված են մասնագետների հրավիրել Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, քանի որ տեղացի մասնագետների պակաս կա։
Իհարկե, հեռավար աշխատելու հնարավորությունը դրական է ազդել IT ոլորտում մասնագետների եւ տվյալների գիտնականների աշխատավարձի վրա․ այսօր Հայաստանում նրանց աշխատավարձը գրեթե նույնն է, ինչ այլ երկրներում։
Նարեկ Մելքոնյանը DATAFEST համաժողովի մասնակիցներից մեկն է։ Այն առաջին անգամ անցկացվում է ոչ օնլայն , հավաքվել են Հայաստանից եւ աշխարհի այլ երկրներից մի քանի հարյուր IT մասնագետներ եւ տվյալների գիտնականներ, ինչպես նաեւ ուսանողներ, որոնք հնարավորություն կունենան փորձով փոխանակվել եւ նոր գիտելիքներ ստանալ։
Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություններից էին, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Իրանից, Վրաստանից եւ այլն: Ելույթներում ներկայացվեցին արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները, զարգացման միտումները:
YEREVANN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տվյալների գիտության ոլորտն ամբողջ աշխարհում աճում է, եւ առանց այդ ոլորտում մասնագետներն անգործ չեն մնա։ Հայաստանում արդեն կա այդ ոլորտում աշխատող մոտ 300-400 մասնագետ։
Intento ընկերությունից հրավիրված բանախոսներից մեկը՝ Գրիգորի Սապունովը, պատմեց 2021 թվականին տրանսֆորմերների կիրառման մասին։ «Հետխորհրդային երկրների մեջ Հայաստանի օրինակն ամենալավն է»,- նկատեց Գրիգորի Սապունովը:
Նա հավելեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը չպետք է մնա մի կետւմ։ Հաջողության հասնելու համար պետք է ինտեգրվել միջազգային հանրության մեջ, ինչը Հայաստանն անում է։
«Հայաստանը կարեւորում է նաեւ արտաքին շուկան, եւ դա լավ է»,-նշեց Սապունովը։




























