Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնական սկզբունքներն են թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի հանձնաժողովը պարտավորվում է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ: Այս մասին Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասաց հանրապետության ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ-ն, նրա խոսքով, միշտ հավատարիմ է եղել բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց ներկայացուցիչների հետ համագործակցությանը:
«Մենք կշարունակենք այս գիծը ապագայում: Մենք ունենք նույն գերակա նպատակը՝ այն, որ ընտրական գործընթացի ընթացքում ընդունվող որոշումները կայացվեն կոնսենսուսի արդյունքում, որպեսզի հասկանալի լինեն քաղաքական ուժերի համար եւ հարցեր չառաջացնեն: Նման տրամաբանությամբ մենք աշխատել ենք 2021 թվականին եւ ապագայում կաշխատենք հենց այս ոճով»,- ընդգծեց Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը շատ կարեւոր է համարում, որ ընտրական գործընթացի ընթացքում օրենքի ցանկացած խախտում պատշաճ գնահատական է ստացել, հետաքննության առարկա է դարձել եւ մանրակրկիտ ուսումնասիրվել է։ Սա, ըստ Մուկուչյանի, ապագայում նմանատիպ իրադարձությունների կանխման լավագույն մեխանիզմն է:
«Այս առումով, ես ակնկալում եմ, որ մենք կունենանք համագործակցություն խորհրդարանի հետ, հատկապես ներկայացված առաջարկությունների եւ դրանց քննարկման համատեքստում»,- եզրափակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը:





























