Հայաստանում հայտարարագիր ներկայացնող անձանց բավականին լայն շրջանակ կա: Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ներկայացուցիչներ (համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ) հայտարարագրեր չեն ներկայացնում: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի միակ թեկնածու Մարիամ Գալստյանը:

Նրա խոսքով, հանրապետության Ազգային ժողովը վերջերս ընդունել է օրենսդրական նոր փոփոխություն:

«Այն ընդլայնեց հայտարարատուների շրջանակը` տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների հաշվին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան նաեւ ավելի փոքր համայնքներ, որոշվեց, որ հայտարարատու դառնան տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները, ինչպես նաեւ նրանց տեղակալներն ու գլխավոր քարտուղարները: Միեւնույն ժամանակ, ավագանու անդամները հայտարարատու են դառնում, եթե համայնքում ապրում է 15 000 եւ ավելի մարդ: Սրա հետ կապված՝ կարծում եմ, որ հայտարարատուների շրջանակը մեզ մոտ բավականին լայն է»,- ասաց Գալստյանը:

Ըստ թեկնածուի, անհրաժեշտ է կրթական գործունեություն իրականացնել համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների հետ, քանի որ հայտարարագիր չներկայացրած անձինք հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ են: