Այս օրերին ամենուր քննարկվում են հայ-թուրքական ստորագրված արձանագրություները: Թե ինչպես են այդ հարցին արձագանքում ուսանողական շրջանակները, պարզել է NEWS.am-ի թղթակիցը` զրուցելով մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ:

Երեւանի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ռոբերտ Մակարյանը վստահեցրել է, որ իրենց բուհում նման հարցերի նկատմամբ ակտիվություն ցուցաբերում են. «Սկզբից՝ նախաստորագրումից հետո մտավախություններ կային, որ կարող են լինել Ղարաբաղի ու ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրներ, բայց ստորագրումից հետո այդ հարցերը վերացան, երբ տեսանք արձանագրությունների տեքստը: Իսկ թե ով ինչ կհայտարարի, արդեն դրանք հետագայի խնդիր են, մեզ հետաքրրքրում են ստորագրությունները, որտեղ Ղարաբաղի ու ցեղասպանության հարց չկա: Մենք համաձայն ենք այդ արձանագրություններին, մնացածը դիվանագիտական խնդիրներ են»:

Ինչ վերաբերվում է բաց սահմանների պարագայում Հայաստանի տնտեսության զարգացմանը, ապա վերջինիս խոսքով այն միայն շահութաբեր կլինի:

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ՈւԽ նախագահ Վոլոդյա Գասպարյանը վստահություն է հայտնել նախագահի դիվանագիտական քայլերին. «Ուսանողությունը մասնակցում է հայ-թուրքական արձանագրությունների քննարկմանը եւ վստահում է նախագահին, որ հայ-թուրքական հարաբերությունները կլուծվեն առանց նախապայմանների: Եղել են մտահոգություններ ուսանողների կողմից, եղել են առաջարկություններ, առողջ առաջարկությունները ներկայացվել են համապատասխան մարմիններին»:

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ՈւԽ նախագահ Կարապետ Թոփչյանը համոզմունք է հայտնել, որ մինչ սահմանի բացվելը օրենսդրության մեջ Հայաստանում թուրքերի իրավունքները սահմանափակող դրույթներ կմտցվեն. «Իմ խորին համոզմամբ՝ պետք է բացել սահմանները: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում եւ խոսքը մի պետության մասին է, որը մեզ հետ ունի շփման գիծ: Ստորագրվել է փաստաթուղթ, որտեղ խոսք չկա ոչ ղարաբաղյան հակամարտության մասին, ոչ էլ ցեղասպանության ճանաչման: Քննարկումներին մասնակցում էին մարդիկ, որոնք պնդում էին՝ եթե սահմանը բացվի, Թուրքիան Հայաստանը կսեփականաշնորհի մեկ շաբաթում, ասվածի մեջ կա տրամաբանություն, բայց ես մեր երկրի ղեկավարության վրա վստահ եմ եւ համոզված եմ, որ համաձայնագիրը վավերացնելուց հետո, միանշանակ Հայաստանի օրենդրական դաշտում կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք որոշակի արգելքներ կսահմանեն»:

Երեւանի պետական համալսարանում երկրի թեժ թեման քննարկվել է եւ, ինչպես ասում է ԵՊՀ ՈւԽ նախագահ Ցոլակ Հակոբյանը, հնչել են տարբեր մոտեցումներ ու կարծիքներ, ինչպես հասարակության տարբեր շերտերում. «Ուսանողների կարծիքները տարբեր են: Ես չեմ կարող նշել, թե մեծամասնությունը ինչ դիրքորոշում ունի: Այն ուսանողները, ովքեր հասարակագիտական կրթություն ունեն, իրենք ավելի կողմ են սահմանի բացմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Կան ուսանողներ, որոնք հակառակ տեսակետն ունեն: Ինչ վերաբերվում է արձանագրությունների հետ կապված մտավախություններին, ապա կոնկրետ մենք՝ քաղաքագետներս, կամ նրանք, ովքեր ուսումնասիրել են արձանագրությունները, Ղարաբաղի ու ցեղասպանության խնդիր չեն տեսել, գուցե հետո՞ լինեն ինչ-որ բաներ»: