«ժամանակակից աշխարհում սահմանի փակ լինելը նոնսենս է, որը խոչընդոտում է բնականոն տնտեսական գործընթացներին: Այն պետությունները, որոնք այդպիսի ռեժիմ են կիրառում առաջին հերթին հարվածում են իրենց տնտեսությանը: Սա քաջ գիտակցում են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանում»,- երեկ մի շարք հեռուստաընկերությունների տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վարաչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Մենք շահագրգռված ենք, որ սահմանների բացումը կայանա այսօր, որովհետեւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների բարելավումը քաղաքական հարթության մեջ նպաստելու է նաեւ Ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը, ոչ թե` հակառակը, ինչպես պնդում են մեր ընդդիմախոսները»:
Նրա խոսքով, երբ բացվի սահմանը, առեւտուրը Թուրքիայի հետ կիրականացվի ոչ թե Վրաստանի միջոցով, այլ` ուղղակիորեն, ինչը կնվազեցնի տրանսակցիոն ծախսերը մոտավորապես 15%-ով: «Սա նշանակում է, որ որակապես նոր հնարավորություններ կստանան մեր ձեռներեցները, որովհետեւ որոշ ճյուղեր, որոնք այսօր փակ սահմանների պարագայում հեռանկար չունեն, բաց սահմանների պարագայում հեռանկար կունենան, որովհետև երկաթգծով Միջերկրական ծովի ափերին հայտնվելը որակապես փոխում է տնտեսության կառուցվածքը և հնարավորությունները տնտեսության կառուցվածքի զարգացման համար: Բնականաբար դա չի լինելու միանգամից հենց սահմանի բացման հաջորդ օրը, դա կլինի փուլ առ փուլ»,- ասել է վարչապետը:
Հարցին, թե որքանո՞վ է այս ամենի վրա ազդում համաշխարհային ճգնաժամը` Տիգրան Սարգսյանն ասել է. «Ճգնաժամը եւս մեկ անգամ ի ցույց դրեց մեր թերի կողմերը. առաջին հերթին մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը, որը մեզ դարձնում է շատ խոցելի, եւ մենք ունենք խնդիր այդ դիվերսիֆիկացիան ապահովել: Ակնհայտ է նաեւ, որ սահմանի բացումը լուրջ խթան է մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի համար, որովհետև կարող են զարգանալ բազմաթիվ ճյուղեր, որոնք փակ սահմանի պարագայում չեն կարող զարգանալ: Երկրորդը մենաշնորհների խնդիրն է, Սահմանի բացումը լուրջ խթան է լինելու մենաշնորհների դեմ պայքարելու առումով: Բացի առկա սուբյեկտիվ պայմաններից և այն գործոններից, որոնք այսօր հանգեցնում են մենաշնորհային խնդիրներին, մասնավորապես` հարկային և մաքսային վարչարարության թերի լինելը, կա նաեւ օբյեկտիվ խոչընդոտ։ Դա այն է, որ այսօր ապրանքների արտահանման և ներմուծման համար մենք ունենք միայն մեկ ճանապարհ, որը չափազանց թանկ է»:




























