Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը հերքել է գերմանական DWworld կայքէջում զետեղված լուրը, թե հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը նախատեսում է ներդրումներ կատարել Թուրքիայի տարբեր շրջաններում։

NEWS.am-ին հղած նամակում Հարութ Սասունյանը նշել է, թե այդ տեղեկությունը «լրիվ ապատեղեկատվություն է, կեղծիք»: «Պարոն Քըրքորյանը երբեք այդպիսի մտադրություն չունի եւ չի ունեցել»,- նշել է Սասունյանը:

Հիշեցնենք, որ թուրք-հայկական բարեկամության խմբի համանախագահ Յեներ Ալթընը գերմանական DWworld կայքէջին հայտնել էր, թե Քըրք Քըրքորյանը հայ-թուրքական սահմանի բացումից հետո նախատեսում է ներդրումներ կատարել Թուրքիայի տարբեր շրջաններում, մասնավորապես` Թուրքիայի արեւելքում եւ հարավ-արեւելքում ստեղծել հյուրանոցային ցանց։ Ալթընը նաեւ հայտնել էր, թե Քըրքորյանը ծագումով Մարաշից է, սակայն Հարութ Սասունյանը հերքել է նաեւ այս հանգամանքը: