Երբ հարեւան երկրի զինվորական ջոկատը մտնում է երկրի տարածք, եւ նրան դիմավորում է ոչ թե սահմանապահը, այլ հովիվը կամ գյուղապետը, դա այնպես է իջեցնում սուբյեկտայնությունը, որ բանակցությունների սեղանին քիչ քարտեր են մնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանը սուբյեկտայնության շատ ցածր մակարդակ ունեցող երկիր է։

«Պարտված պատերազմից հետո Հայաստանը ոչ միայն իրավահավասար գործընկեր լինելու, այլ պարզապես իր շահերը պաշտպանելու համար գրեթե ոչ մի ռեսուրս չունի, դրանք շատ քիչ են։ Ուստի պետք է խոսել Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման, դրա վերստեղծման մասին։ Սա միայն դիվանագիտություն չէ, սա նաեւ այլ երկրների հետ փոխհարաբերություններն են, այդ թվում՝ երրորդ երկրների հետ, որոնք ներգրավված չեն գործընթացում։ Սա նաեւ տնտեսություն է, ռազմական շինարարություն, դաշնակիցների հետ փոխգործակցություն, սահմանի կահավորում եւ այլն։ Այս ամենն ազդում է սուբյեկտայնության վրա։

Շփումներ, անկասկած, կան, եւ դրա համար Էրդողանը պետք չէ։ Դա առանց այդ էլ հասկանալի է: Դրանք տեղի են ունենում միջնորդավորված, երրորդ կողմի միջոցով կամ ուղղակիորեն. այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծել։

Հասկանալի է, որ նման շփումներ կան ու կլինեն։ Եւ հանդիպում էլ վաղ թե ուշ կլինի, կլինեն թղթեր, որոնք համատեղ կստորագրվեն։ Այս ամենից խուսափել հնարավոր չէ։ Սակայն խոսքն այն մասին է, որ Հայաստանն ունենա իր շահերը պաշտպանելու ռեսուրս, որը դեռեւս չկա»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա դա, ըստ փորձագետի, տեխնոլոգիայի խնդիր է։

«Դիվանագետները կարող են տարբեր կերպ արձագանքել։ Խնդրի ձգձգումը կարող է տարբեր տեսք ունենալ. կարող է թվալ, թե դրվում են խնդիրներ եւ լուծվում են առաջիկա 10 տարում, կարող է լինել, որ խնդիր չդրվի, կարող է լինել պարզապես գործընթացի դանդաղում կամ կենտրոնացում առաջացող մի շարք դժվարություններ վրա: Սա տեխնոլոգիայի խնդիր է, դիվանագետների որակյալ աշխատանքի խնդիր»,- եզրափակեց նա։