Երեւանի մոտ, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք մարզերում նոր աղբանոցներ կհայտնվեն։ Այս մասին այսօր 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ պինդ թափոնների կառավարման ծրագիրը բաղկացած է երկու մասից։
«Առաջինը նախատեսում է Երեւանի մերձակայքում 29 հա ընդհանուր մակերեսով աղբանոցի կառուցում։ Ծրագրի երկրորդ մասը վերաբերում է պինդ թափոնների կառավարմանը Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նախատեսվում է Հրազդանում կառուցել աղբանոց, ինչպես նաեւ աղբի փոխաբեռնման կայաններ Մարտունիում եւ Ակունքում։ Այս ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությամբ նախատեսվում է ծրագրեր իրականացնել Լոռիում, Շիրակում, Վայոց ձորում եւ Սյունիքում։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կկազմի 600 մլն դրամ։ Խոսքը, մասնավորապես, չորս աղբանոցի մասին է, որոնք կկառուցվեն հետեւյալ սկզբունքով՝ երկու մարզերի համար մեկ աղբանոց»,-ասաց Սանոսյանը։
Ընդ որում, Արմավիրի մարզը, ամենայն հավանականությամբ, կկապեն Երեւանի հետ։ Բացի այդ, նախատեսվում է աղբի փոխաբեռնման 15 կայան ստեղծել։





























