Բավական հաճախ պաշտոնական վիճակագրության տվյալները քաղաքացիների մոտ մի շարք հարցեր են առաջացնում։ Առավել «վիճելի» ցուցանիշներից են միջին ամսական աշխատավարձի մակարդակը, ապրանքների մանրածախ գները, ծառայությունների սակագները եւ այլն։

Վերջերս հրապարակվել են ժողովրդագրական տվյալներ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի համար։ Այս տեղեկատվության մեջ բերվում են բնական աճի եւ միգրացիայի հաշվեկշռի ցուցանիշները։ Ելնելով այս թվերից՝ հաշվարկվել է հանրապետության մշտական բնակչության թվաքանակի աճը (տես գրաֆիկը)։

Ինչպես երեւում է գրաֆիկից, 2020 թվականին բնակչության բնական աճը իջել է մինչեւ նվազագույն նիշը (1100 մարդ): Հասկանալի է, որ անցած տարվա ծանր իրադարձությունները՝ հազարավոր կյանքեր խլած Արցախյան 44-օրյա պատերազմը, թողել են իրենց ազդեցությունը։ Նկատենք, որ այս պատերազմում զոհվածների ու անհայտ կորածների իրական թիվը մինչ այժմ ճշգրտված չէ։ Ուստի շատերը կորուստների մասին պաշտոնական տվյալները ակնհայտորեն թերագնահատված են համարում։

Բացի այդ, անցյալ տարի երկրում ի հայտ եկավ նոր գործոն՝ COVID-19-ը, որը խլեց 3400 մարդու կյանք։ Սա կազմում է տվյալ տարվա ընթացքում երկրում մահացությունների ընդհանուր թվի գրեթե 10%-ը։

Մեկ այլ գործոն էլ կապված է մեր քաղաքացիների արտագաղթի հետ։ Ինչպես հայտնի է, այժմ մեր երկրի բնակիչների արտագաղթի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։ 2017-2020 թվականներին եւ այս տարվա 9 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 141 000 ՀՀ քաղաքացի։ Մշտական բնակչության նկատմամբ դա կազմում է մոտ 5% (!):

Իհարկե, ոչ բոլորն են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, եւ ոչ բոլորն են անմիջապես տեղափոխվել Ռուսաստան։ Բայց Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների մի մասը, այնուամենայնիվ, արտագաղթել է Հայաստանից։ Ընդ որում, նրանցից ոմանք պահպանում են իրենց անշարժ գույքը հայրենիքում, եւ այս հասցեում գրանցումից դուրս չեն գալիս։ Այդ դեպքում նրանք ընդգրկվում են մշտական բնակչության կոնտինգենտի մեջ, թեեւ նրանց, այսպես կոչված, «կենսական շահերի կենտրոնն» արդեն այլ երկրում է։ Ֆորմալ առումով այս արտագաղթողներին բավական է տարեկան թեկուզ մեկ օր այցելել իրենց պատմական հայրենիք, որպեսզի ներառվեն մշտական բնակչության թվում։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները՝ անցած տարվա ընթացքում բնական հավելաճի պաշտոնական ցուցանիշը լուրջ հիմնավորման կարիք ունի։ Սակայն հաշվառման առկա մեթոդները կարող են սուբյեկտիվ բնույթ կրել: Ուստի առանձնահատուկ արդիականություն է ստանում բնակչության հաջորդ համընդհանուր մարդահամարի անցկացումը: Ընդ որում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց պարտադիր հաշվառումով։

Սմբատ Գրիգորյան