Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու Գոռ Թադևոսյանի մայրը, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը:

«Որքան էլ կրթական համակարգը փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, Քաղաքականությունը ներխուժում է կրթական համակարգ և չի հանդուրժում ազատ կամարտահայտությունը։

Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։

Որդուս` Գոռ Թադևոսյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրեին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։

Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ ներխուժեցին քոլեջ, անչափահաս ուսանողների ներկայությամբ՝ վախի և տագնապի մթնոլորտում առգրավեցին փաստաթղթեր։

Հոկտեմբերի 28-ին առավոտյան 8:30-ին մասսայական խուզարկություններ են կատարվել իմ եւ 23 աշխատակիցների բնակարաններում ընտանիքի անդամների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրելով երկարամյա մանկավարժների և վաստակաշատ դասախոսների վրա։

Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին»,- գրել է նա։