Քաղաքացիական Պայմանագիրը բոլոր տեղերում փորձում է իր մարդկանց տեղավորել, որպեսզի մաքսիմալ ամրանան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով բուհերի հոգբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ՔՊ-ականների ընտվելուն:
«Այդ կուսակցությունը նման է քաղցկեղի, որի մետաստազները տարածվել են ամեն տեղ։ Հետո շատ բարդ է լինելու սրանցից ազատվել։ Նրանք քանի գնում, խորանում են և շուտով բերելու են մեր երկրի «մահվան»։ Օրինակ երեկ տեսանք, թե ինչ կատարվեց Գորիսում՝ Առուշանյանի դատին․ դատավորը կատարեց հանցագործություն՝ խախտելով Առուշ Առուշանյանի անմեղության կանխավարկածը։ Սրանք կարմիր գծեր չունեն»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ՏԻՄ ընտրություններում էլ ՔՊ-ն ճնշումներ է գործադրում, վարչական ռեսուրս օգտագործում, որպեսզի հասնի հաջողության:
«Կապանում նույնպես ճնշումներ են գործադրվում։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 17 մեքենայով ուղևորվեց Կապան իր թիմակցի հոր մահվան պատրվակով։ Նա առիթից օգտվելով գնաց քարոզարշավի։ Երկրի վարչապետ կոչվածն ուրիշ խնդիր չունե՞ր»,- ասաց նա։
Հակոբյանը հավելեց, որ առաջիկա Կապանի ՏԻՄ ընտրություններում ինքը համակրում եմ գործող քաղաքապետին եւ համոզված է` նրա շանսերը շատ մեծ են։





























