Վրաստանի ԱԳՆ-ի լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն, ում ձերբակալել են երկրի ՆԳՆ աշխատակիցները, հացադուլ է հայտարարել: Աբդալաձեն իրեն անմեղ է համարում, չի հասկանում, թե ինչու են իրեն ձերբակալել եւ աջակցություն է ակնկալում միջազգային կազմակերպություններից ու լրագրողներից, գրում է apsny.ge-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն այսօր` հուլիսի 7-ի գիշերը հաղորդագրություն է տարածել, որտեղ հաստատել է ֆոտոթղթակիցների ու լուսանկարիչների ձերբակալության լուրը: Ձերբակալվածներն են Վրաստանում Եվրոպական ֆոտոգործակալության ներկայացուցիչ Զուրաբ Կուրցիկիձեն, Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի ծառայության լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն եւ նրա կինը` Նաթիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն:
«Ձերբակալվածները մեղադրվում են երկրներից մեկի հատուկ ծառայությունների ազդեցության ներքո գործող կազմակերպություններին տարբեր տեսակի տեղեկություններ հաղորդելու մեջ»,- բացատրել են Վրաստանի ՆԳՆ-ում, հավելելով, որ ձրբակալվածների գործողությունները վնաս են հասցրել երկրի շահերին:
Ավելի հասկանալի լեզվով ասած, ֆոտոթղթակիցներն ու լուսանկարիչները մեղադրվում են լրտեսության մեջ եւ նրանց գործի քննությունը գաղտնի է տարվելու:




























