«Գովազդի մասին» օրենքի նախագծում օգտագործվում է «սահմանափակումներ» տերմինը։ Իրականում դրանք ոչ թե սահմանափակումներ են, այլ գովազդի տոտալ արգելք։ Այս մասին Ազգային ժողովում «Գովազդի մասին» օրենքում նոր փոփոխությունների հանրային քննարկումների ժամանակ ասաց Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը։

Նրա խոսքով, սահմանափակումները մինչ այժմ էին կիրառվում։

«Օրինակ, տոտալիզատորների գովազդը ցուցադրվում է որոշակի ժամի»,- պարզաբանեց Գրիգորյանը։

Ըստ գլխավոր խմբագրի՝ խաղամոլային խաղերի գովազդի տեղադրման սահմանափակումները լուրջ հարված կհասցնեն ԶԼՄ-ներին, որոնց հիմնական գովազդատուն բուքմեյքերական ընկերություններն են, իսկ եկամտի աղբյուրը՝ գովազդի հեռարձակումը։

«Այս օրինագիծը բացարձակապես տպավորություն չի ստեղծում, թե Հայաստանում մտածում են ԶԼՄ-ների մասին։ Հիմնական տուժողները հիմա նստած են այս դահլիճում։ Դրանք ե՛ւ բուքմեյքերական ընկերություններն են, ե՛ւ գովազդ արտադրողները, եւ հենց այս գովազդը տեղադրողները՝ մամուլը։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը հեռուն գնացող մտադրությունների մասին է։ Իշխանությունները նպատակ են հետապնդում հերթական հարվածը հասցնել այն ԶԼՄ-ներին, որոնք ոչ թե իշխանությանը հաճելի քարոզչություն են տարածում, այլ իսկապես իրենց գործն են անում»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաեւ հավելեց, որ մամուլը միշտ պատրաստ է եղել համագործակցել պետության հետ, սակայն ԶԼՄ-ներին եկամուտներից զրկելու փոխարեն իշխանությունները կարող էին, օրինակ, տարբեր տեսակի սոցիալական արշավներ նախաձեռնել։

«Տրամադրեք միջոցներ եւ սկսեք սոցիալական արշավ կայքերում եւ հեռուստաալիքներում։ Մենք կարող ենք նաեւ հուշել, թե որտեղից կարելի է ստանալ այս փողերը: Թեեւ դուք ինքներդ հիանալի գիտեք, թե ինչպես: Օրինակ, կարելի է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների աշխատավարձերը բարձրացնել երեք տարի հետո։ Վստահեցնում եմ, դա նրանց շատ չի անհանգստացնի»,- ասաց գլխավոր խմբագիրը։