«Գովազդի մասին» օրենքում արմատական փոփոխությունը բացասաբար կանդրադառնա հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների ինչպես գործունեության, այնպես էլ եկամուտների ու բովանդակության որակի վրա։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 9-ին «Գովազդի մասին» օրենքում նոր փոփոխությունների հանրային քննարկումների ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով, կորոնավիրուսի համավարակի բռնկումից եւ Ղարաբաղում պատերազմից հետո հեռուստատեսային եւ ռադիոյի գովազդի շուկան գործնականում փլուզվել է։ «Մեր հանձնաժողովի կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ մոլի խաղերի գովազդից ստացված ընդհանուր եկամուտների մասնաբաժինը 7%-ից հասել է 12-15%-ի։ Որոշ հեռուստառադիոընկերություններում մոլախաղերի գովազդից եկամուտը հասնում է նույնիսկ 15%-ի։ Հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռուստաալիքները, ինչպես նաեւ հաճախականություններ օգտագործող ռադիոկայանները, համեմատած ինտերնետային հեռարձակողների կամ կայքերի հետ, շատ ավելի զգալի ծախսեր են առաջացնում»,- պարզաբանեց  Հակոբյանը։

Այդուհանդերձ, հանձնաժողովի ղեկավարի խոսքով, «Գովազդի մասին» օրենքը դեռ արմատական փոփոխության կարիք ունի։ «Նա հետ է մնացել ողջ գոյություն ունեցող ժամանակակից տեխնիկական միջավայրից։ Ուստի առաջարկում ենք, հաշվի առնելով այս եւ մի քանի այլ գործոններ, մեկ կամ երկու տարով հետաձգել այս օրենքի կիրառումը հանրային մուլտիպլեքսում ներկայացված ընկերությունների նկատմամբ։ Այդ ընթացքում նրանք կկարողանան պատրաստվել եւ եկամտի նոր աղբյուրներ գտնել»,- ընդգծեց Հակոբյանը։