«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։

Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։

Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթեւի ավագանի են անցել երեք ուժեր՝ ՔՊ-ն, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Բանն այն է, որ վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավականացնում ընդամենը մեկ քվե, որ կարողանա 50 տոկոս ունենալ եւ իշխանություն ձեւավորել: Այս պահին «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից: ՔՊ-ն ունի 7 մանդատ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունն ունի 6 մանդատ, իսկ «Ապրելու Երկիրը» ունի 2 մանդատ: