Արդեն մեկ ամիս է Ազգային ժողովում քննարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որը բաղկացած է ծախսային եկամտային և պակասուրդի բաժիններից։ Այսինքն՝ այս կառավարությունը 2022 թվականի ընթացքում  որքան գումար է պլանավորում հավաքագրել և որքան ծախսել։

2022 թվականի ընթացքում իշխանությունները պլանավորել են 28,9 տոկոսով կամ 437 մլրդ դրամով ավելացնել պետական բյուջեի եկամուտները․ դա իրականացվելու է հիմնականում հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրման հաշվին (+28 տոկոս)։ Ըստ էության, ՀՀ կառավարությունը խստացնելու է հարկային վարչարարությունը և հնարավոր է նաև առանձին ուղղություններով ավելացնի հարկային բեռը, քանի որ միայն 7 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում հարկային մուտքերի նման հոսք դժվար է ակնկալել։ Միայն հանքարդյունաբերությունից եկող հարկային մուտքերի հաշվին հնարավոր չի լինելու ապահովել առաջադրված ցուցանիշը, հետևաբար, գործող իշխանությունները վերանայելու են և ավելի խստացնելու հարկային քաղաքականությունն ու վարչարարությունը, մասնավորապես՝ նախատեսվում է կրճատել  որոշ հարկային արտոնություններ։ ԱԺ լսումների ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ 2022 թվականին նախատեսում են նվազեցնել շրջանառության հարկի շեմը՝ 115 մլն դրամից հասցնելով 58 մլն-ի։

Կառավարության նիստերից մեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չարաշահում են առկա հարկային արտոնությունները և խոշոր տնտեսվարողներին թուղթ են  «վաճառում», ինչը թույլ է տալիս խուսափել հարկերից։ Փաստորեն, կառավարությունը, չկարողանալով վերահսկել անբարեխիղճ հարկատուների գործունեությունը, 2022 թվականին նախատեսում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստա¬թղ¬թերի հիման վրա շահութահարկով հարկման բազայի նվազեցման հնարավորությունները։ Այսինքն՝ միկրոբիզնեսի դեպքում կսահմանափակվի իր մրցակցային առավելություններից մեկը։

Հաջորդ տարվա համար կառավարությունը պլանավորում է 5,5 տոկոս գնաճ, որը 2021 թվականի պլանավորված գնաճի (4 տոկոս) համեմատ բարձր է։ Հետևաբար, ինչպես այս տարվա, այնպես էլ 2022 թ․-ի բարձր գնաճը թույլ կտա ապահովել պետական բյուջեի եկամուտների աճ, քանի որ հատկապես սննդամթերքի բարձր (+16 տոկոս) գների պայմաններում կտրուկ ավելանում են հարկային մուտքերը, սակայն այդ գումարների գնողունակությունը ավելի ցածր է։ Այսինքն՝ այս տարի հավաքագրված մեկ միլիոն դրամով պետությունը ավելի շատ ապրանքներ և ծառայություններ կարող է ձեռք բերել, քան հաջորդ տարի՝ նկատի ունենալով գնաճի մակարդակը։

Ամփոփելով՝ նշենք, որ 2022 թվականի ընթացքում պետական բյուջեի եկամուտների աճը լինելու է ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի համար հարկային արտոնությունների կրճատման և բարձր գնաճի, ինչի հետևանքով էլ ավելի են խորանալու սոցիալական խնդիրները և եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը

Արամ  Աճեմյան