Մի քանի հազար մարդ է հավաքվել Թբիլիսիում կիրակի «Ո՛չ քովիդ-ֆաշիզմին» խորագրով ակցիայի մասնակցելու համար, հաղորդում է Sputnik-Գրուզիան:

Ակցիայի մասնակիցները քայլերթ են անցկացրել Հանրապետության հրապարակից մինչեւ կառավարության շենք:

Այսպես կոչված «հակավաքսերները» փոխել են ակցիայի անցկացման սովորական վայրն ու չեն գնացել դեպի խորհրդարան: Հանրահավաքի կազմակերպիչ Զվիադա Թոմարաձեի խոսքով՝ նրանք չեն փչացնի Ամանորն ու չեն հավաքվի երկրի գլխավոր տոնածառի մոտ:

«Մենք շարունակում ենք դեմ լինել քովիդ-ֆաշիզմին եւ քովիդ-անձնագրերին: Ո՛չ հարկադրված պատվաստմանը: Միասին մենք կարող ենք հաղթել»,-ասել է Թոմարաձեն նախքան քայլերթի մեկնարկը:

Նրա կարծիքով՝ Առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեի հրաժարականն իրենց արժանիքն է: