Հայաստանում կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրման գործընթացը հետաձգվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:

«Համակարգը պետք է ներդրվեր 2011 թվականի սեպտեմբերին։ Բայց դժվար հասցնենք, դրա համար էլ գործընթացը տեղափոխվել է 2012 թվականի սկիզբ»,- նշեց նա՝ ճշգրտելով, որ ծրագրի հետաձգման պատճառը համապատասխան ընկերություններից  որեւէ մեկի հետ պայմանագիր կնքած չլինելու հանգամանքն է։

Նորայր Մուրադխանյանի խոսքով, կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումը (առաջինն արտասահման մեկնելու համար է, երկրորդը՝ ներքին օգտագործման) թույլ կտա բարձրացնել փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը, սահմանային անցակետերում հեշտացնել քաղաքացու եւ նրա փաստաթղթերի համապատասխանության աստիճանը, նվազեցնել անձը հաստատող փաստաթղթի կեղծման հավանականությունը։ «Բացի այդ, նոր համակարգի ներդնումը ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի պահանջն է»,- հավելեց Մուրադխանյանը։

Ներքին օգտագործման համար կկիրառվեն նույնականացման քարտերը, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի Հանրապետության՝ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար: Նույնականացման քարտը կլինի կենսաչափական տվյալներով` չիպով, եւ իր մեջ կներառի քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, թիվը, ամիսը, ծննդավայրը, լուսանկարը եւ էլեկտրոնային ստորագրությունը:

Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի խոսքով, կենսաչափական անձնագրերում տեղադրված չիպերում եւս ներառվելու են անձի անկետային տվյալները, լուսանկարը եւ երկու ցուցամատերի մատնահետքերը։

Նույնականացման քարտը քաղաքացուն կտրվի 10 տարի ժամկետով։ Դրա համար նա պարտավոր կլինի վճարել 1000 դրամ: Արտասահման մեկնելու անձնագիրը կտրվի 5 տարի ժամկետով, սակայն որքա՞ն գումար պետք է վճարել այդ փաստաթղթի համար, դեռեւս հայտնի չէ:

Նշենք, որ նոր անձնագրերի ներդրման գործընթացը Հայաստանի նախագահի կարգադրությամբ մեկնարկել է 2008 թվականից ` ելնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւից: