Հայաստանի ողջ պատմության ընթացքում արտագաղթող-ներգաղթողների մասով դրական հաշվեկշիռ է գրանցվել միայն մեկ անգամ՝ 2020թ․ (+3000 մարդ)։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Դա, նրա խոսքով, համավարակի հետ է կապված եղել։ «Ընդհանուր առմամբ, արտագաղթող-ներգաղթողների մասով բացասական հաշվեկշռի կրճատում նկատվում էր արդեն 2017-ից»,- հավելեց պաշտոնյան։ Ղազարյանը տեղեկացրեց նաեւ, որ 2020թ․ Հայաստան ժամանումները 12 000-ով ավելի են եղել, քան մեկնումները, 2019թ․՝ 10 000-ով ավելի, 2018թ․՝ 15 000-ով ավելի, 2017թ․՝ 27 000-ով պակաս, 2016թ․՝ 60 000-ով պակաս։ Հայաստանում այս ցուցանիշի դրական միտում է նկատվել միայն 2018-2020 թվականներին եւ 2004-2006 թվականներին։ Պաշտոնյան պարզաբանեց, որ 2021թ․ առաջին կիսամյակում Հայաստանից գնացածների 72%-ը մեկնել է Ռուսաստան։ Այս 72%-ի 82%-ը՝ աշխատանքային նպատակներով։ Ինչ վերաբերում է Հայաստան ներգաղթին, ապա Ղազարյանը նշեց, որ այն միշտ եղել է հիմնականում Ադրբեջանից փախստականների հոսքերի տեսքով, հետո՝ Իրաքից, Սիրիայից, Լիբանանից։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում աշխատանքային միգրանտների հոսք է նկատվում։ «Հայաստանում աշխատանքային միգրանտների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։

Բազմաթիվ աշխատանքային ներգաղթյալներ կան նաեւ Հնդկաստանից, Իրանից, Տաջիկստանից։ Նրանք հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում, ինչպես նաեւ սպասարկման եւ ժամանցի ոլորտներում»,- ասաց միգրացիոն ծառայության ղեկավարը։ Նա հիշեցրեց ապաստան հայցողների համար Հայաստանում կառուցվող 120 հոգանոց ժամանակավոր տեղավորման կենտրոնի մասին, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի։ «Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման միասնական էլեկտրոնային համակարգը»,- եզրափակեց պաշտոնյան։